Այսօր՝ մարտի 6-ին, դանակներով զինված, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 10:00-ից 10:30-ն ընկած ժամանակահատվածում դանակներով և զենքի նմանվող առակահով զինված, բժշկական դիմակներով դիմակավորված 2 քաղաքացի մտել են «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող հայտնի «Զառա» հագուստի սրահ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճիվաղները աշխատակցի հասցեին սպառնալիքներ են հնչեցրել ու դրա տակ հափշտակել 2-2,5 մլն դրամ, ապա դիմել փախուստի:
Դեպք վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:
Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատում են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ղազարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը:
Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: