Սիրուշո ջան, դուք Ռոբերտ Քոչարյանի տղայի՝ Լևոն Քոչարյանի հետ ամուսնացել եք սիրելով և ո՛չ փողի համար: Դուք բնատուր տաղանդ ունեք, որովհետև չէր կարող Հրաչյա Հարությունյանի սերունդը անտաղանդ լինել: Դուք արժանիորեն լավ հոնորարներ եք ստացել և չեք ամուսնացել փողի համար: Վստահ եմ, որ դուք սիրո ալիքի տակ ինքներդ ձեզ հարց չեք տվել, թե ինչպես է Լևոն Քոչարյանը դարձել դոլարային մուլտիմիլիոնատեր՝ ո՞ր տաղանդի համար: Չէ, բնականաբար փողը եկել է բիզնեսից: Բա էդ բիզնեսը որտե՞ղ է եկել:
Արվեստը անշուշտ խլում է ամբողջ ուշադրությունը և էդպիսի բաների մասին մտածելու ժամանակ չես ունենում, որ մի հատ էլ կապ տեսնես Լևոն Քոչարյանի մեծահարուստ լինելու և Ռոբերտ Քոչարյանի նախագահության միջև: Նաև 14 տարեկանից Լևոն Քոչարյանի հետ «Դժվարությունների միջով եք» անցել՝ պատկերացնում եմ ինչ սարսափելի դժվարություններ էին դրանք՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք: Ափսոս Բյուզանդի փողոցի բնակիչները չեն իմացել՝ ձեզ մի բանով օգնեին: Իրենց վիճակը շատ լավ էր, որովհետև Քոչարյանը իրենց ընդամենը մի թեթև տնից դուրս էր շպրտել, թե չէ ուրիշ լավ էին, դժվարություն չունեին: Այ դժվարությունը ձեր մոտ էր և դուք Լևոն Քոչարյանի հետ 14 տարեկանից անցաք այդ դժվարությունների միջով:
Ձեզ չեն ասել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի թիկնապահը զուգարանում մարդ սպանել, դուք էլ զբաղվածության պատճառով չեք հետաքրքրվել, մտածել եք բամբասանք է, եթե իմանայիք, անշուշտ կնեղվեիք: Օրիենակ եթե ձեր հանճարեղ հորը սպանած լինեին զուգարանում, աշխարհը փուլ կգար ձեր գլխին: Բայց Պողոս Պողոսյանն էլ հարազատներ ուներ: Իսկ եթե տեսնեիք, որ ձեր հարազատին սպանողը նույնիսկ պատասխանատվության չի ենթարկվում, ձեր սիրտը կմղկտար անարադարության զգացողությունից: Բայց փոխարենը ուրիշների սիրտն էր մղկտում անարդարությունից զգացողությունից: Ու հիմա դուք Ռոբերտ Քոչարյանին հարգում եք, իր հետ հաց եք ուտում ու միգուցե ասում-խոսում ծիծաղում եք իրար հետ: Բայց Պողոս Պողոսյանի հարազատները իր հետ հաց չեն ուտում, որովհետև Քոչարյանի թիկնապահը Քոչարյանից 20 մետրի հեռավորության վրա զուգարանում ծեծելով սպանել էր Պողոս Պողոսյանին: Ու, պատկերացնում ե՞ք, էդպես էլ պատասխանատվություն չկրեց: Ախր գոնե պատասխանատվություն կրեր: Գոնե Բանտ նստեր: Բայց Քոչարյանի ժամանակ բանտերը զբաղված էին նենգ մարդկանցով, որոնք հանդգնել էին Ազատության Հրապարակում ցույց անել:
Ձեզնից նաև նենգաբար թաքցրել այն, թե ինչպես Քոչարյանը վիժեցրեց 1999-ի հոկտեմբերի 27-ի դատավարությունը՝ այսինքն խանգարեց, այնպես է արեց, որ չբացահայտվի: Հնարավոր է, որ մտածեք, թե սա բամբասանք է և լկտի սուտ: Այդպես նույնիսկ հավանական է, որովհետև այդ մասին խոսողների հեռուստաընկերությունը Քոչարյանը փակեց, իսկ բազմաթիվ վկաներ դրանից հետո մեկը մյուսի հետևից մահացան՝ տարբեր կերպ, բայց բոլորն էլ «Պատահաբար»: Այս ամենը եթե իմանայիք միգուցե զուգադիպություններ կնկատեիք: Բայց չգիտեիք:
Հիմա էլ մղկտում եք Արցախի համար: Անշուշտ նաև չգիտեք, թե ինչպես Քոչարյանը իր մտերիմ ընկերների հետ 1997 թվականին խափանեց Արցախի հարցի հիանալի լուծումը: Ու հերիք չի խափանեց, դեռ 10 տարի շարունակ էլ ինքը՝ լինելով երկրի ղեկավար, չլուծեց այդ հարցը: Ամեն տարի սահմանին տասնյակ տղաներ էին զոհվում: Եթե լուծեր հարցը՝ չէին զոհվի: Բայց այդպես էլ չլուծեց – ու զոհվում էին:
Վստահ եմ որ այս ամենը դուք չգիտեք: Բայց մի ներքին զգացողություն ինձ հուշում է, որ ոչ մի դեպքում չեք էլ ուզում իմանալ: