Կեսգիշերին inopressa.ru կայքում կարդացի ֆրանսիական Le Figaro-ի հոդվածը՝ քառասունչորսօրյա պատերազմի մասին: Ահա ճշմարիտ հայացք, երբ նկարագրում է ԱԹՍ-երի դժոխքը եւ ամփոփում, որ այդ հարձակումների դեմ հայերը ոչինչ անել չէին կարող եւ ,,ճանճերի պես կոտորվում էին,,: Հազար ներողություն, միլիոն ներողություն, որ օտար մեկի այս բնորոշումը տարածում եմ: Եւ հազար ամոթ մեզ բոլորիս, որ այս ահավոր ողբերգությունը մեր միջով չենք անցկացրել եւ չենք անցկացնում երեք ամիս հետո էլ: Հայոց, հիմա ինձ թույլ տամ եւ ասեմ՝ առհասարակ խելագար պատմության մեջ սա մի քանի նախադեպ ունեցել է՝ Ավարայրում պարսից փղերի դեմ անզորությունը, Նախիջեւանում հայ ազնվականության ողջակիզումն արաբներից, 1915-ի ցեղասպանությունը… Սա պատերազմ չէր, սպանդ էր, որի համար պատասխանատուները գոնե լռելու բարոյականություն չունեն: Ինչպես որ չեն լռում մի անպատրաստ ժողովուրդ թուրք-քուրդ-չեթեն վայրագությանը մատնածները: Եւ եթե մի հեռախոսափող կար այդ նախճիրի օրերին, որ պիտի բարձրացվեր ուղիղ կամ միջնորդավորված կապով՝ չգիտեմ, բայց Թուրքիայի նախագահի դավադիր առանձնասենյակում պիտի զրնգացվեր՝ այստեղից՝ Երեւանից եւ պիտի պահանջվեր կամ խնդրվեր,-արժանապատվություն խաղալու տեղ չէր,- որ՝ ազգիս ծաղիկը մի տվեք Բայրաքդարներին կերակուր, կանգնեցրեք կոտորածը, մենք կհեռանանք: Եւ դարձյալ հազար ամոթ բոլորիս, որ իրականությունը մեզ օտարը պիտի բերեր, մեզ դներ մեր ողբերգության դեմ-հանդիման: Եւ էլի հազար ամոթ բոլորիս, եթե այսքանից հետո էլ ուշքի չգանք եւ չվանենք ստերջ խոսակցությունները չգիտեմ ինչի մասին: Մանավանդ՝ թե կարող էինք, բայց չուզեցինք կամ թույլ չտվեցին: Պիտի կարողանայինք թույլ չտալ, որ մեր զավակները, դարձյալ հազար ներողություն, նոր պատերազմի փորձանմուշ չդառնային: Որպես թե՝ ինչ հայերի հետ պատահեց, կկրկնվի ուրիշ մի տեղ: Թշնամու ասպետականության վրա՞ էին հույս դրել՝ որ չի՞ գնա ստորության: Երրորդ երկրի հակազենքի ապահովությու՞նից էին հարաբերվել Բայրաքդար-ների մահասփյուռ զորությանը: Այս գաղափարախեւության համար բոլորն են պատասխանատու՝ երկրի ներկա եւ նախորդ երկու առաջնորդից մինչեւ վերջին գրող-մտավորականը, որ ,,երեսուն արծաթի,, մարմաջից մեռցրել էր իր մեջ երկյուղած զգուշավորությունը, պահպանողականությունը: Ամենամարդկայինը՝ զավակին ստույգ մահվան չտալու կենսաբանական կապը ժողովրդի հետ: Որովհետեւ նրանք միայն զինվորնե՞ր էին: Մե՞րը չէին: Երեկվա օրով իրե՞նք չպիտի այլ առիթներով հպարտություն ներշնչեին մեզ՝ մի գեղարվեստական , մարզական, մշակութային, գիտական, գործարարական մեծ ձեռքբերումով չպիտի՞ զարդարեին ազգի անունը, մի նվաճում ունենային, որ բոլորինս էր լինելու: Հազար ամոթ մեզ, եթե այս մեծագույն կորուստների, հազարավոր ծաղիկ նահատակների աճյունների վրա կանգնելու եւ ինչ-որ սին, վերստին համազգային խելացնորության մղող խոսք հնչեցնելու չափ անբարո մեկը դեռ ունենք մեզանից: Հազար ամոթ: Նրանք նույնիսկ նզովքի արժանի չեն: Միայն՝ համազգային արգահատանքի: Այսօր: Վաղը: Եւ հավիտյանս հավիտենից…