ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և պլանավորված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք` շահադիտական նպատակով, երկու և ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Երևան քաղաքում գործող տուրիստական գործակալության ղեկավար կազմի հետ, կատարելով դերերի բաշխում, յուրաքանչյուր անձի հաշվարկով 20000-26000 ԱՄՆ դոլարի դիմաց կազմակերպել են ՀՀ մի շարք քաղաքացիների անօրինական մեկնումը օտարերկրյա պետություններ և Շենգենյան համաձայնության երկրներ՝ այդ նպատակով մեկնող անձանց անվամբ պատրաստելով աշխատանք ունենալու, աշխատավարձի չափի, այլ եկամուտների, անշարժ ու շարժական գույքերի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ՀՀ-ում և արտերկրում գտնվող իրավասու մարմիններին:
Նախաքննության ընթացքում քրեական վարույթի շրջանակներում անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակարաններում, ավտոմեքենաներում, ինչպես նաև տուրիստական գործակալությունում կատարված խուզարկություններով հայտնաբերվել և վերցվել են բազմաթիվ կեղծ կնիքներ, դրոշմներ, փաստաթղթեր, փաստաթղթերի դատարկ ձևանմուշներ, օտարերկրյա պետություններ անօրինական մուտքի թույլտվություն ստացած մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից վճարված առանձնապես խոշոր չափերով գումարների վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետրեր, էլեկտրոնային կրիչներ:
Հատկանշանական է նաև այն, որ հանցավոր խմբի անդամներն իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու համար չեն խորշել նույնիսկ պետության հեղինակությունն ու միջազգային վարկանիշն էապես խաթարող այնպիսի կեղծ տեղեկություններ ներկայացնելուց, ինչպիսիք են քաղաքական հայացքներով պայմանավորված՝ անձանց որոշ խմբերի նկատմամբ ՀՀ-ում քաղաքական հետապնդումների ենթարկվելու, իշխանությունների կողմից բռնաճնշումներ գործադրելու և այլ մտացածին նույնաբնույթ հանգամանքների վերաբերյալ:
Մասնավորապես` վարույթում առկա փաստական տվյալներով հաստատվել է, որ խմբի անդամները մի շարք անձանց տրամադրել են նախապես մշակված տեքստեր այն մասին, թե իբր ՀՀ-ում 2018 թվականից հետո գործող իշխանությունների կողմից քաղաքական ճնշումներ են սկսվել Հանրապետական կուսակցության անդամների և նրանց աջակիցների նկատմամբ, որի արդյունքում չեն դիմացել հալածանքներին, հետապնդումներին և հարկադրված լքել են հայրենիքը, ինչի կապակցությամբ հրահանգավորումներ են կատարել և հորդորել քաղաքացիներին՝ նույնությամբ չկրկնել տեքստի բովանդակությունը: Ավելին, խմբի անդամները նախապես մշակված տեքստերում հատուկ շեշտադրումներ են կատարել այն մասին, որ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ հիշյալ անձանց կյանքին ու ազատությանը վտանգ է սպառնում, նրանք կորցրել են իրենց բիզնեսը և այլ մտացածին կեղծ տեղեկություններ՝ հայցելով օտարերկրյա կառավարությանը՝ քաղաքական ապաստան տրամադրել իրենց:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանցավոր խմբի անդամներից 6-ի նկատմամբ անօրինական միգրացիայի կազմակերպման, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր, կնիքներ պատրաստելու և օգտագործելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, նրանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1 անձի նկատմամբ կիրառվել է գրավ, իսկ 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար:
Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում այսուհետ ևս համարժեք միջոցներ է ձեռնարկելու` ՀՀ քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ մուտքն ապօրինի ճանապարհով կազմակերպող հանցավոր խմբերի բացահայտման ու մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, միաժամանակ տեղեկացնում, որ նշված հանցավոր արարքի համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է ազատազրկում` 4-8 տարի ժամկետով:
Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու համար շարունակվում են:
Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Առեղծվածային դեպք Երևանում. դիահերձարան տեղախողված դին վերակենդանացել է
Մայիսի 12-ին առեղծվածային ու արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում: 1-03 շտապօգնության 54 խումբը Նոր-Նորքի 2-րդ զանգվածում գտնվող խնամքի կենտրոններից մեկից «կլինիկական մահ» ախտորոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու: Տեղում դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Խնամքի կենտրոնից տղամարդու մահվան մասին տեղեկությունը փոխանցել են նրա հարազատներին, ու մինչ հարազատների հիվանդանոց մեկնելը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները հիվանդանոցի դիահերձարանից տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, եւ բժիշկների ցուցաբերած բուժօգնության արդյունքում «դիակը» վերակենդանացել է: Բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:
Նոր կարգավորում այլ պետությունում հաշվառված մեքենաների մասով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է տեխնիկական զննության գործընթացի կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ։ Գործող օրենսդրությամբ տեխնիկական զննության պարտադիր պահանջ է սահմանված Հայաստանում շահագործվող տրանսպորտային միջոցների համար, այդ թվում՝ այլ պետություններում հաշվառված և ՀՀ-ում շահագործվող տրանսպորտային միջոցների։
Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստի 2023 թ.-ի հունվարի 24-ի նիստի N ԿԱ/26-2023 արձանագրության 4-րդ կետի 1-ին ենթակետով առաջարկվել է դիտարկել Հայաստանում չհաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությանը ներկայացվող պահանջները, դեպքերն ու կարգավորումները ՀՀ օրենսդրությամբ հստակեցնելու անհրաժեշտության հարցը։
Գործող իրավակարգավորումները հստակեցնելու համար մշակվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի 15-րդ հոդվածի 1.1 մասով նախատեսվում է այլ պետություններում հաշվառված և 180 օր և ավելի ՀՀ-ում անընդմեջ շահագործվող տրանսպորտային միջոցների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննության անցկացման գործընթացի պահանջ։
Օրենքի նախագծի ընդունումը կապահովի ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացումը և ՀՀ-ում մեծ քանակով շահագործվող ու այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի կազմակերպման հստակեցումը։