Հենրիկ Պիպոյանը ֆեյսբուքում գրել է․
Երևանցու ներդաշնակեցված օրը՝ հաստատված քաղաքապետարանի կողմից։
07։00։ Քաղաքապետական երաժշտություն՝ «Զարթնի՛ր, լաո՜, հերի՛ք քնես» թեմայով։
07։00-08։00։ Ընդհատված երազի շարունակություն՝ «Ես ձեր հե՜րն անիծեմ» թեմայով։
08։00։ Քաղաքապետական երաժշտություն՝ «Էս, հլը քնած ե՞ս» թեմայով։
08։00-8։30։ Վեր թռնել, արագ-արագ լվացվել, հագնվել ու տնից դուրս վազել։
08։30։ Ճանապարհ դեպի ավտոբուսի կանգառ։
09։00։ Դիմավորել ավտոբուսն ու մի կերպ ներս խցկվել առաջի կամ հետևի դռնից։
09։30։ Խցանման մեջ կանգնած ավտոբուսի պատուհանից դիտել հայրենիքի փրկության երթը դեպի անորոշություն։
10։00։ Ուշացած աշխատանքի հասնել։
10։00-13։00։ Աշխատել, դուրս գալ բաց տարածք, ծխել, սուրճ խմել – նույն հաջորդականությամբ կրկնել 16 անգամ։
13։00-16։00։ Բողոքել կյանքից, դուրս գալ բաց տարածք, սուրճ խմել – նույն հաջորդականությամբ կրկնել 8 անգամ։
16։00-18։00։ Սուր քաղաքական հարցերի քննարկում աշխատակիցների հետ։
18։00։ Աշխատանքի ավարտ, ճանապարհ դեպի ավտոբուսի կանգառ։
18։15-19։00։ Մասնակցել ավտոբուսի սպասողների լուռ հանրահավաքին։
19։00։ Ուրախությամբ դիմավորել մոտեցող ավտոբուսը, եռանդով մասնակցել ավտոբուս նստելու մրցակցությանը, ափսոսանքով ճանապարհել հեռացող ավտոբուսը։
19։15-19։30։ Դիմավորել և ճանապարհել հայրենիքի փրկության աղմկոտ երթը։
20։00։ Ուրախությամբ դիմավորել մյուս ավտոբուսը, հաղթականորեն հայտնվել ավտոբուսի ներսում։
20։30։ Բակում կայանված մեքենաների անհաղթահերելի պատնեշը շրջանցելով՝ բարձրանալ հարևան բակի ավտոտնակի կտուրը, կտուրից իջնել աղբամանի վրա ու բակի շների աղմոտ ուղեկցությամբ մի կերպ տուն հասնել։
20։00-20։30։ Համատեղված նախաճաշ-ճաշ-ընթրիք։
20։30-22։00։ Աման-չաման լվանալ, տունը մաքրել, լվացք անել, վաղվա ճաշ եփել, ավտոբուսում պոկված կոճակները կարել, խցանված կոյուղին բացել, ջուր հավաքել՝ հավանական պլանային կամ ոչ պլանային ջրանջատման հեռանկարով, հեռախոսները լիցքավորել՝ հավանական պլանային կամ ոչ պլանային հոսանքազրկման հեռանկարով, աչքի պոչով սերիալ նայել, աչքի մյուս պոչով Ֆեյսբուքը քրքրել։
00։00-00։30։ Բակային հրավառության ժամ։
00։30-01։00։ Դիտել բակի տղերքի աղմկոտ կռիվը՝ մարտի դաշտին հատուկ բացառիկ քաջության բանավոր դրսևորումներով՝ բակային պայմաններում՝ բալկոններից իրենց ժառանգների անասելի հերոսությամբ հիացող ծնողների նվաղած հայացքների ու ճվճվոցի ներքո։
01։00-03։00։ Երեխաների տնային աշխատանքի ժամ։
03։00-05։00։ Պատվերով համերգ՝ բակի կատուների սոպրանոների և շների տենորների համատեղ երգչախմբի կատարմամբ։
05։00-07։00։ Մեռյալ-չթաղյալ ժամ՝ կիսաբաց աչքերով ու բակի մեքենաների սիգնալիզացիաներից ընդհատվող մղջավանջերով։
07։00։ Քաղաքապետական ղողոնջներ՝ «Բարլուս, աչքիս լուս» թեմայով։