Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. գերեզմանատան դիմացի երկաթյա տաղավարի տանիքի ձողից կախվելու միջոցով ինքնասպան է եղել 64–ամյա տղամարդը։
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ հոկտեմբերի 6–ին, ժամը 15։35-ի սահմանում, «Գավառ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Կարմիրգյուղ բնակավայրի գերեզմանատանը դի է հայնտաբերվել։
Դեպքի վայր ժամանած Քննչական կոմիտեի օպերատիվ խումբը պարզել է, որ 64–ամյա տղամարդը գնացել է կնոջ գերեզմանոց եւ ոգելից խմիչք օգտագործելուց հետո, գերեզմանատան դիմացի երկաթյա տաղավարի տանիքի ձողից կախվելու միջոցով ինքնասպան եղել։
Ինքնասպան եղած տղամարդու գրպանում հայտնաբերվել է երկտող, որում գրված է եղել, որ իր մահվան համար ոչ ոքի չմեղադրեն։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 162–րդ հոդվածի 1–ին մասի հատկանիշներով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը)։