Հունվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. Ժամը 05։30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոտիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ԳՈՒՎ հարցականով» իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա Ա. Լ․-ն է։
Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկներին հաջողվել է տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել Ա․ Լ-ին, և բժիշկների շնորհիվ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ըստ աղբյուրի՝ ոստիկանները զրուցել են Ա․ Լ-ի հարազատի հետ, որը հայտնել է՝ վերջինս իրեն պատկանող օդաճնշիչ ատրճանակով կա՛մ ինքնասպանություն գործելու, կա՛մ անզգուշաբար մի անգամ կրակոց է արձակել իր գլխին։
Ոստիկանները նշված բնակարանում, որտեղից Ա․ Լ․-ն տեղափոխվել է հիվանդանոց, հայտնաբերել են օդաճնշիչ ատրճանակը։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Սկզբնաղբյուրը հայտնում է, որ Ա․ Լ․-ն Հայաստանում սերիալներում խաղացող դերասան է և հայտնի հաղորդավարներից մեկի եղբայրը։
Հ.Գ. Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ խոսքը դերասան Արսեն Լևոնյանի մասին է, որը դերասան, հաղորդավար Խորեն Լևոնյանի եղբայրն է:
Հիշեցնենք՝ որոշ ժամանակ առաջ էլ հայտնի էր դարձել, որ դերասան Խորեն Լևոնյանը ավտովթարի է ենթարկվել: Անդրադառնալով վթարին՝ նա գրառում էր կատարել «Ինստագրամ»-ի իր էջում՝ հայտնելով, որ ամեն ինչ կարգին է իր հետ: