«Սիթի բայք»-ի տելեգրամյան խմբում ամեն օր մարդիկ հազարավոր նամակներ են գրում։ Ոմանք հարցնում են՝ ինչպես պետք է գրանցվեն, ներդրում կատարեն, արդյո՞ք կարող են առանց ներդրում անելու գումար հանել, ոմանք էլ, դեռևս չգիտակցելով, որ իրենց խաբել են, նշում են, թե չեն կարողանում էջ մուտք գործել, քանի որ իրենց արգելափակել են։ Բոլորին մեկ պատասխան են տալիս՝ «կապվեք ձեր վերադասի հետ»։ Իսկ երբ մարդիկ գրում են «վերադասներին», նրանք չեն պատասխանում նամակներին կամ էլ արգելափակում են։
Ի՞նչ է «Սիթի բայքը»
Արդեն մի քանի ամիս է՝ Հայաստանում «Սիթի բայք» (citibike.am) անվանումով կայքն առաջարկում է ներդրումներ անել եւ գումար վաստակել՝ ներդրումից տոկոսներ ստանալով։ Եթե ներդրողը հրավիրի նաեւ ընկերներին, ու նրանք իր կոդով գրանցվեն, ապա այդ գրանցումներից նույնպես ներդրում կատարողը գումար կստանա։
Ներդրում անողները «Սիթի բայք» կայքի և հավելվածի միջոցով կարող են գրանցվել։ Ընկերությունն էջեր ունի «Ֆեյսբուք»-ում, «Ինստագրամ»-ում, «Տիկտոկ»-ում։ Տելեգրամյան խումբն ունի մոտ 30 000 հետևորդ։ Ըստ «Սիթի բայք ինֆո» տելեգրամյան խմբի՝ ընկերությունը 100 000-ից ավելի անդամ ունի։
Ընկերությունը ներկայանում է որպես ամերիկյան հայտնի Citi bike հեծանիվների վարձակալությամբ զբաղվող ընկերության հայաստանյան ծրագիր։
«Կենտրոնական բանկը չի կարող վերահսկել ընկերության գործունեությունից բխող ռիսկերը և ապահովել հաճախորդների շահերի պատշաճ պաշտպանություն, ինչը նշանակում է, որ քաղաքացիները նման կազմակերպություններին իրենց միջոցները վստահելիս գործում են բացառապես սեփական ռիսկով, և կարող է հանգեցնել ֆինանսական վնասների և ծանր սոցիալական հետևանքների»,- ասված էր ԿԲ հաղորդագրությունում։
Ամերիկյան Citi Bike ընկերությունը հերքում է, թե Հայաստանում ծառայություններ է մատուցում
«Հետք»-ի ընթերցողներից մեկը դիմել էր ամերիկյան «Սիթի բայք» ընկերությանը՝ ճշտելու՝ արդյոք իրենք Հայաստանում ներդրումներով աշխատող «Սիթի բայք»-ի հետ կապ ունեն։
«Ամերիկյան «Սիթի բայք» ընկերությունը որևէ կապ չունի դրա հետ»,- պատասխանել էին ընկերությունից։
Lyft ընկերությունը, որին պատկանում է ամերիկյան Citi Bike-ը, նույնպես հերքել է տեղեկությունը՝ հիշեցնելով, որ իրենք ծառայություններ մատուցում են միայն ԱՄՆ-ի տարածքում։
Շփոթեցնող անուն
Ներդրումային առաջարկներ անող «Սիթի բայք» կայքի անունը կարող է շփոթեցնել մարդկանց, քանի որ Հայաստանում իրականում գործում է «Սիթի բայք» անունով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որը զբաղվում է հեծանիվների վաճառքով։ Այդ ընկերությունը ևս հերքել է իր կապը այդ կայքի հետ։
«Սիթի բայք»-ի մեկնաբանությունը
Խոսեցինք Ժորա Մոսինյանի հետ, նախ նա հերքեց իր կապը «Սիթի բայք»-ի հետ։ Իսկ երբ նշեցինք, որ իր անունը որպես գումար ստացող է նշված կայքի «վերալիցքավորում» բաժնում, և «Քաղաքային հեծանիվներ» ՍՊ ընկերությունն իր մոր՝ Ասյա Գասպարյանի անունով է, նա ասաց. «Հա ի՞նչ… ինչի՞ մասին եք խոսում։ Ես ձեզ չեմ ճանաչում ու որևէ բան չեմ կարող ձեզ տեղեկացնել»։
Մեր այն դիտարկմանը, որ քիչ առաջ ներկայացանք որպես «Հետք»-ի լրագրող, Ժորան պատասխանեց. «Հեռախոսազանգով չեմ կարող որևէ լրագրողի պատասխանել»։
Առաջարկեցինք հանդիպել մեր խմբագրությունում, նա հրաժարվեց։
««Քաղաքային հեծանիվներ» ՍՊԸ հա, կա, գոյություն ունի, մամայիս անունով ա, որը վարձույթով հեծանիվներ ա տալու՝ ոնց քաղաքում կան։ Ինչ վերաբերում է կայքին, դրա հետ որևէ կապ չունի»,-ասաց Ժորա Մոսինյանը։
Մեր պարզաբանումից, թե խանութի մենեջերն է մեզ հայտնել, որ ՍՊ ընկերություն են գրանցել և օրինական են աշխատում՝ Ժորա Մոսինյանը վրդովվեց. «Ես հիմա ձեր որևէ հարցի չեմ պատասխանում, «Սիթի բայք»-ի հետ կապ չունենք, դա առանձին ՍՊ ընկերություն ա, և քաղաքում հեծանիվներ են լինելու»։
Մեր այն հարցին՝ արդյոք «Սիթի բայք»-ի հեծանիվներն են լինելու, նա նշեց, որ որևէ տեղեկություն մեզ չի կարող տրամադրել։