Երեկ՝ մայիսի 4-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ից 22:10-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում կրակոցներ են հնչել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանել են ոստիկանության , ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ: Ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղայի դի:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 30-ից ավել կրակված պարկուճներ, իսկ կրակոցի վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վթարված Hyundai Elantra ավտոմեքենա, որի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր, կրակոցների արդյունքում էլ վնասվել է քաղաքացուն պատկանող, իր տան առջև կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենա:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը:
Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ, կատարվել է դեպքի վայրի զննություն:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Վաղարշապատի դատախազը:
Ըստ կայքի տեղեկությունների, սպանված երիտասարդը Դոն Պիպոյի թիկնապահներից է եղել: