Քաղաքականություն
Բաքուն խաղաղության պայմանագրի համար սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն է առաջ քաշում
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության գործընթացի անշրջելիությունն ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել խաղաղության համաձայնագրի դրույթների և Հայաստանի Սահմանադրության միջև, Բաքվի գնահատմամբ, առկա անհամապատասխանությունը։ Այդ մասին հայտնում է APA-ն՝ վկայակոչելով Ամիրբեկովի՝ Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի ընթացքում արած հայտարարությունը։
Բեռնում Ամիրբեկովը հարցը քննարկել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Ալեքսանդր Ֆազելի հետ։ Հանդիպմանը քննարկվել են նաև ադրբեջանա-շվեյցարական հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունը, տրանսպորտային կապերը և հումանիտար ականազերծումը։
Ամիրբեկովը ներկայացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին և ձեռք բերված գործնական արդյունքներին վերաբերող ադրբեջանական դիրքորոշումը։ Բաքվի կարծիքով՝ խաղաղության գործընթացի կայունության համար կարևոր են փոխադարձ վստահության ամրապնդումը, տնտեսական ու առևտրային կապերի զարգացումը և քաղաքացիական հասարակությունների միջև շփումները։
Ադրբեջանական կողմը խաղաղության համաձայնագրի և Հայաստանի Սահմանադրության միջև իր մատնանշած «իրավական անհամապատասխանության» վերացումը դիտարկում է որպես անհրաժեշտ պայման՝ խաղաղության գործընթացի անշրջելիությունն ու ձևավորված «դե ֆակտո խաղաղության» կայունությունն ապահովելու համար։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել նաև Միջին միջանցքի և TRIPP նախագծի զարգացմանը։ Ադրբեջանի պնդմամբ՝ TRIPP-ի իրականացումն ու Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը կարող են նպաստել տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանն ու խաղաղության ամրապնդմանը։
Աղբյուր՝ 168.am