Արտաքին աշխարհ
«Ռուսաստանը պլանավորում է նոր դիվերսիաներ և հարձակումներ մեր ժողովրդավարության դեմ». Կայա Կալաս
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ հետախուզական տվյալների համաձայն՝ Ռուսաստանը Եվրոպայում նոր դիվերսիոն գործողություններ և հարձակումներ է ծրագրում։
«Մենք պետք է զգոն մնանք, քանի որ հետախուզությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը պլանավորում է հետագա դիվերսիոն գործողություններ և հարձակումներ մեր ժողովրդավարության դեմ՝ մեր հասարակությունը պառակտելու, մեր հասարակություններին վախեցնելու համար, որպեսզի նրանք չօգնեն Ուկրաինային», – Բրյուսելում ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ ասել է Կալասը։
Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է հաշվի առնի այդ սպառնալիքները և պատրաստ լինի դրանց հակազդել, այդ թվում՝ այն դեպքերում, երբ առկա են նախնական արձագանքման համար բավարար հետախուզական տվյալներ։
Կալասը նշել է, որ ԵՄ-ն աշխատում է հավաքական պաշտպանական կարողությունների ամրապնդման ուղղությամբ, սակայն այդ ոլորտում դեռ զգալի բացեր կան։ «Մենք շատ բան ենք արել։ Այսինքն՝ պաշտպանության ոլորտում ներդրումներն աճել են, բայց միևնույն ժամանակ մենք պաշտպանական կարողությունների մեծ բացեր ունենք, և հիմա պետք է կենտրոնանանք նրա վրա, թե ինչպես ենք իրականում լրացնում այդ բացերը», – ասել է ԵՄ գլխավոր դիվանագետը։
Նա նաև հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ ԵՄ ռազմածովային գործողությունները տարածաշրջանում։
Ավելի վաղ Դանիայի ռազմական հետախուզական գործակալությունը հայտարարել էր, որ Ռուսաստանը առաջիկա ամիսներին կավելացնի եվրոպական երկրների դեմ հիբրիդային հարձակումների թիվը, սակայն ուղղակի ներխուժման ռիսկը գնահատել էր նվազագույն։
Ռուսաստանի սպառնալիքների վերաբերյալ զեկույցում նշվել էր, որ իրավիճակը վատթարացել է 2025 թվականի փետրվարին հրապարակված նախորդ գնահատականի համեմատ։ Փաստաթղթում արձանագրվել էր դիվերսիաների, կիբեռհարձակումների, ռուսական անօդաչու թռչող սարքերի՝ ՆԱՏՕ-ի տարածք ներխուժման և Բալթիկ ծովում ռուսական ռազմածովային ուժերի նավերի ագրեսիվ վարքագծի դեպքերի աճ։ Դանիական հետախուզությունը կանխատեսել էր, որ այս ուղղությամբ հետագա սրացում է սպասվում։
Աղբյուր՝ 168.am