Ռոտերդամի դատարանը աննախադեպ դատավարություն է սկսել մի կնոջ հանդեպ, ում մեղադրում են իր սիրեցյալին հետապնդելու մեջ: Պարզվել է, որ կինը վերջին մեկ տարվա մեջ ոչ ավել- ոչ պակաս 65 հազար անգամ զանգահարել է իր նախկին ընկերոջը: Նա օրական կատարել է միջինը 178 զանգ. հայտնում է BBC-ն:
Տուժածի խոսքերով` կինը բառացիորեն «ռմբահարել է» իրեն հեռախոսազանգերով, sms-ներով և էլեկտրոնային նամակներով: Ամբաստանյալի իրավապաշտպանները պնդում են, որ կինը շատ մտերիմ հարաբերություններ է ունեցել տղամարդու հետ, հետևաբար նրա գործողությունները չեն կարող անօրինական համարվել, մինչդեռ 62-ամյա տուժածը հայտարարել է, որ կնոջ հետ ոչ մի կապ չի ունեցել:
Դատավարության առաջին օրը դատավորի որոշմամբ կինն ազատ է արձակվել, պայմանով, որ տղամարդուն այլևս չի անհանգստացնի: Սակայն դատարանից դուրս գալուց մեկ ժամ հետո կինը կրկին զանգահարել է տուժածին, և նրան ստիպված կալանավայր են վերադարձրել: