Տնտեսություն
Սիսիանի ՊՈԱԿ-ը 1998 թվականի «Opel»-ը վարձակալել է 1.99 մլն դրամով

«Հետք»-ի հաղորդմամբ՝ 2026 թվականի հունվարին «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ը մրցույթ է հայտարարել 1998 թվականի արտադրության «Opel» մարդատար ավտոմեքենա վարձակալելու համար։ Մեքենան պետք է լիներ 101-116 ձիաուժանոց, գազով և բենզինով աշխատող ու չորսատեղանոց։
Մրցույթին հայտ է ներկայացրել միայն Սիսիան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, էկոպարեկ Տիգրան Համբարձումյանը։ Նրա հետ կնքվել է 1 մլն 990 հազար դրամի պայմանագիր, ինչը նախահաշվային գնից 10 հազար դրամով պակաս է։ Տիգրան Համբարձումյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբայրն է։
Ըստ «Հետք»-ի՝ Համբարձումյանը նշված մեքենան 2025 թվականին գնել է 300 հազար դրամով։ ՊՈԱԿ-ը նույն մեքենան 2022-2026 թվականներին վարձակալել է տարբեր գներով․ 2022-ին՝ Արման Իվանյանից՝ 695 հազար դրամով, 2023-ին՝ 1 մլն 595 հազար դրամով, 2024-ին՝ 1 մլն 740 հազար դրամով։ 2025 թվականին, մեքենան Համբարձումյանի կողմից ձեռք բերելուց մեկ ամիս անց, նրա հետ կնքվել է 1 մլն 540 հազար դրամի պայմանագիր։
Այսպիսով, 2026 թվականի պայմանագրի արժեքը մեքենայի գնման գնից ավելի քան վեց անգամ բարձր է։ «Հետք»-ը հայտնել է, որ կապվել է Տիգրան Համբարձումյանի հետ՝ պարզաբանում ստանալու համար։ Ավագանու անդամը պատասխանել է․ «Դա քո գործը չի, էլ էստեղ չզանգես»։
Աղբյուր՝ 168.am