Առողջություն

Որովայնի ցավի դեպքում ինքնաբուժումը կարող է բարդացնել ախտորոշումը

Որովայնի ցավը կարող է պայմանավորված լինել տարբեր առողջական խնդիրներով՝ ժամանակավոր անհանգստությունից մինչև բուժում կամ վիրահատական միջամտություն պահանջող հիվանդություններ։ Ընդհանուր վիրաբույժ, բ.գ.թ. Հայկ Հարությունյանի խոսքով՝ մինչև բժշկին դիմելը ինքնուրույն կիրառվող որոշ միջոցներ կարող են վտանգավոր լինել։

Մասնագետը խորհուրդ չի տալիս առանց ցավի պատճառը պարզելու ցավազրկողներ ընդունել, ցավոտ հատվածին տաք ջեռակ դնել կամ աղիների լվացում կատարել՝ հոգնա կիրառել։

Ցավազրկողները կարող են թուլացնել կամ քողարկել հիվանդության կլինիկական դրսևորումները, ինչի հետևանքով ախտորոշումը դժվարանում կամ ուշանում է։ Բժշկական գնահատման ժամանակ կարևոր է պարզել ցավի առաջացման պահը, տեղակայումը, բնույթն ու ուժգնությունը, սննդի ընդունման հետ կապը, ճառագայթումը և որովայնամզի գրգռման հնարավոր ախտանիշները։

Որովայնին տաք ջեռակ դնելը կարող է լայնացնել տվյալ հատվածի անոթները, նպաստել հյուսվածքների այտուցին և խորացնել կամ տարածել որովայնի խոռոչում առկա բորբոքային գործընթացը։ Իսկ խոռոչավոր օրգանի թափածակման դեպքում աղիների լվացումը կարող է մեծացնել թափածակված անցքը և նպաստել կղանքային ու սննդային զանգվածների՝ որովայնի խոռոչ անցնելուն՝ առաջացնելով ծանր բարդությունների վտանգ։

Ուժեղ կամ պարբերաբար կրկնվող որովայնային ցավի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, հատկապես եթե այն ուղեկցվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, կղանքից կամ գազերից ազատվելու դժվարությամբ, ջրազրկմամբ, սրտխառնոցով, փսխումով, ինչպես նաև որովայնին դիպչելիս կամ միզարձակման ժամանակ ցավի ուժգնացմամբ։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version