Հասարակություն
Փաստաբան․ Վահրամ Սահակյանին ձերբակալել են 1,5 տարի առաջ արված ֆեյսբուքյան գրառման համար

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը սոցիալական ցանցում հայտնել է, որ գրող, բանաստեղծ, թատերագիր և դերասան Վահրամ Սահակյանը կապվել է իր հետ ու տեղեկացրել ձերբակալության մասին։
Մելիքյանի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Սահակյանը ձերբակալվել է մոտ 1,5 տարի առաջ արված ֆեյսբուքյան գրառման առնչությամբ։ Փաստաբանը նշել է, որ չի կարողացել գնալ ՔԿ՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով, սակայն տեղեկացել է, որ Սահակյանին, ըստ ամենայնի, արդեն տեղափոխել են Շենգավիթի դատարան՝ խափանման միջոցի հարցը քննարկելու համար։
Նա ընդգծել է, որ դատարան դիմելը դեռ չի նշանակում, թե քննարկվելու է կալանքի կամ տնային կալանքի կիրառման հարցը․ հնարավոր տարբերակներից մեկը նաև վարչական հսկողությունն է։
Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ դատարանում կմիանա Վահրամ Սահակյանին՝ ստանձնելու նրա պաշտպանությունը։ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին, իսկ նիստը նշանակվել է ժամը 20:30-ին՝ Շենգավիթի դատարանում։
Աղբյուր՝ yerevan.today