Տնտեսություն
ԱՄՆ-ի խոշոր ԱԲ ընկերությունները ստանձնել են ներքին վերահսկողության խստացման կամավոր պարտավորություններ

ԱՄՆ-ի արհեստական բանականության առաջատար ընկերությունների ղեկավարները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել՝ ԱԲ մոդելների նկատմամբ ներքին վերահսկողությունն ուժեղացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է The Hill-ը։
«Սպիտակ տան համաձայնագիր գերբանականության ոլորտում համատեղ պարտավորությունների մասին՝ կապված առաջատար գերբանականության պատասխանատվությունների հետ» անվանումը կրող փաստաթղթի ստորագրման մասին հայտնել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը՝ Սպիտակ տան հանդիպումից հետո։
Հանդիպմանը մասնակցել են Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, OpenAI-ի նախագահ Գրեգ Բրոքմանը, Anthropic-ի գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյը, Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը, Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը և xAI-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը։
Մայք Ջոնսոնի խոսքով՝ համաձայնագիրը ԱԲ մշակողների համար նախատեսում է մի շարք կամավոր պարտավորություններ։ Դոնալդ Թրամփը փաստաթուղթը բնութագրել է որպես «գրեթե սահմանադրություն» և «բարոյապես պարտավորեցնող»՝ նշելով, որ այն ներառում է ոլորտի ինքնակարգավորման տարրեր։ Նրա խոսքով՝ քննարկվում է նաև հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը, որը կարող է վերահսկել ամբողջ համակարգը։
Մարկ Ցուկերբերգը նշել է, որ համաձայնագրի նպատակն է ամերիկացիների և ընկերությունների հաճախորդների շրջանում վստահություն ձևավորել, որ տեխնոլոգիան գործում է նախատեսվածի համաձայն։ Նրա փոխանցմամբ՝ ընկերությունները պարտավորվում են ստեղծել ներքին վերահսկողության և խախտումների հայտնաբերման հուսալի մեխանիզմներ։ Փաստաթուղթը նաև նախատեսում է բազմամակարդակ աուդիտ։
Համաձայնագիրը ստորագրվել է այն ժամանակ, երբ ԱԲ ոլորտը բախվում է քննադատության՝ ընկերությունների գործակալների կողմից այլ կազմակերպությունների դեմ իրականացված հաքերային հարձակումների պատճառով։ Միաժամանակ մասնագետներն ավելի հաճախ են բարձրաձայնում մարդկության համար այս տեխնոլոգիայի հնարավոր ռիսկերի մասին։
Աղբյուր՝ 168.am