Արտաքին աշխարհ

Boeing-ը 20 միլիարդ դոլարի պայմանագիր է ստացել F/A-XX կործանիչների արտադրության համար

ԱՄՆ պատերազմի նախարարությունը Boeing ընկերության հետ 20 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել՝ վեցերորդ սերնդի F/A-XX տախտակամածային սթելս կործանիչների արտադրության համար։ Պենտագոնի հաղորդագրության համաձայն՝ այդ ինքնաթիռներով 2030-ականներից սկսած կհանդերձավորվեն ամերիկյան ավիակիրները։

Գերատեսչության տվյալներով՝ F/A-XX-ը կփոխարինի ԱՄՆ ռազմածովային ուժերի F/A-18E/F Super Hornet և EA-18G Growler կործանիչներին։ Այն կշահագործվի հինգերորդ սերնդի F-35C տախտակամածային կործանիչի հետ համատեղ։

Պատերազմի նախարարի՝ սպառազինությունների ձեռքբերման և սպասարկման գծով տեղակալ Մայքլ Դաֆին հայտարարել է, որ F/A-XX-ը կարևոր նշանակություն ունի ուժի միջոցով խաղաղության պահպանման համար։ Նրա խոսքով՝ կործանիչը գերակայություն կապահովի վիճելի օդային տարածքում, կընդլայնի գործառնական հնարավորությունները և կապահովի մարտական առավելություն։

Ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնակատար Հունգ Կաոն F/A-XX-ը անվանել է օդում գերիշխանություն ապահովելու համար բեկումնային նշանակություն ունեցող վեցերորդ սերնդի կործանիչ։ Նա նշել է, որ ինքնաթիռը օդաչուներին կապահովի նոր հնարավորություններով՝ մարտական գործողություններ իրականացնելու և անվտանգ վերադառնալու համար։

Պենտագոնը չի հրապարակել ձեռք բերվող ինքնաթիռների քանակը, տեխնիկական բնութագրերը և շահագործման հանձնման հստակ ժամկետները՝ նշելով, որ այդ տվյալները գաղտնի են։

Ռազմական վերլուծաբանների կարծիքով՝ F/A-XX ծրագրի համար Boeing-ի ընտրությունը կարող է արագացնել դրա մշակումը և արտադրության մեկնարկը։ Ընկերությունը NGAD ծրագրի շրջանակում ԱՄՆ ռազմաօդային ուժերի համար մշակում է նաև վեցերորդ սերնդի F-47 կործանիչը։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version