Քաղաքականություն

Կարեն Համբարձումյանը պարզաբանել է եղբոր մեքենայի վարձակալության շուրջ հրապարակումը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հետաքննող լրագրողների հրապարակմանը, ըստ որի՝ Սիսիանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ, էկոպարեկ Տիգրան Համբարձումյանն իր «Օպել» ավտոմեքենան մեկ տարով վարձակալության է տվել «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ 1 մլն 990 հազար դրամով։ Հրապարակման համաձայն՝ մեքենան գնվել էր 300 հազար դրամով։

Լրագրողների հարցին, թե ինչու է այդ արժեքի մեքենան վարձակալության տրվել մոտ 2 մլն դրամով, Կարեն Համբարձումյանը պատասխանել է, որ խոսքը տարեկան վճարի մասին է, որը, իր հաշվարկով, ամսական կազմում է 150 հազար, իսկ օրական՝ 5000 դրամ։ Նրա խոսքով՝ մեքենայի վարձակալության համար մրցույթ է անցկացվել, և դրան կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները։

Պատգամավորը նշել է, որ սկզբում տեղյակ չի եղել գործարքի մասին և դրա վերաբերյալ տեղեկացել է մամուլից։ Նա նաև ասել է, որ եղբայրն իրեն հայտնել է՝ մեքենան այդ պայմաններով տրամադրել է համայնքի և դպրոցի շահերից ելնելով, քանի որ օրական 5000 դրամով նման ծառայություն մատուցելը, իր գնահատմամբ, ձեռնտու չէ։

Կարեն Համբարձումյանի խոսքով՝ եթե ծառայությունը մատուցելու ցանկություն ունեցող այլ մասնակից լինի, իրենք պատրաստ են հրաժարվել պայմանավորվածությունից։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version