Քաղաքականություն
Թրամփը դաշնային կառույցներին հանձնարարել է «արհեստական բանականության» փոխարեն օգտագործել «գերբանականություն» տերմինը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով դաշնային կառավարության պաշտոնական տերմինաբանության մեջ «արհեստական բանականություն» (ԱԲ) հասկացությունն առաջարկվում է փոխարինել «գերբանականություն» (Super Intelligence) ձևակերպմամբ։ Փաստաթուղթը սեպտեմբերի 29-ին հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Հրամանագրում նշվում է, որ դաշնային կառավարության կիրառած եզրաբանությունը պետք է արտացոլի այդ տեխնոլոգիաների փոխակերպող ներուժն ու ամերիկյան ժողովրդի համար դրանց ստեղծած հնարավորությունները։ Փաստաթղթի համաձայն՝ «գերբանականություն» տերմինն ավելի ճշգրիտ է ներկայացնում տեխնոլոգիաների հեռանկարները, ներուժը և արագ զարգացող հնարավորությունները։
ԱՄՆ գերատեսչություններին և պետական այլ կառույցներին, օրենքով թույլատրելի սահմաններում, հանձնարարվել է նոր ձևակերպումն օգտագործել պաշտոնական նամակագրության, հանրային հաղորդագրությունների, կայքերի, զեկույցների և օրենսդրական ակտեր չհանդիսացող այլ փաստաթղթերի մեջ։ Միաժամանակ հրամանագիրը չի պահանջում փոփոխել այն նորմատիվ ակտերը, որոնցում արդեն օգտագործվում է «արհեստական բանականություն» տերմինը։
Թրամփը նախկինում հայտարարել էր, որ «արհեստական բանականություն» անվանումը համարում է անհաջող և ոչ ճշգրիտ՝ պնդելով, որ այդ մշակումները պետք է կոչվեն «գերբանականություն»։
Սեպտեմբերի 29-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահը հանդիպել է նաև արհեստական բանականության ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ։ Նրանք համաձայնագիր են ստորագրել ԱԲ մոդելների ներքին վերահսկողությունն ուժեղացնելու վերաբերյալ։
Աղբյուր՝ 168.am