Քաղաքականություն

«ՀայաՔվե»-ն միջազգային գործընկերներին կոչ է արել չլեգիտիմացնել Արցախի վերաբերյալ Ադրբեջանի քաղաքականությունը

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը երեք առանձին դիմում-բողոք է ներկայացրել միջազգային գործընկերներին՝ կապված Ադրբեջանի նախագահի օգնական, արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Հիքմեթ Հաջիևի նախաձեռնությամբ սեպտեմբերին բռնազավթված հայկական Արցախի տարածքներ կազմակերպված դիվանագիտական այցի հետ։ Միավորումը մտահոգություն է հայտնել այցի շրջանակում, իր գնահատմամբ, իրականացված քաղաքական ու պատմամշակութային խեղաթյուրումների, հայկական մշակութային ժառանգության ինքնության վերափոխման և յուրացման, ինչպես նաև Արցախում հայկական պատմական հետքի վերացման քաղաքականության վերաբերյալ։

Դիմումներն ուղղվել են Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին, Ադրբեջանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Վիկտորիա Ռոմերո Կաբալյերոյին, Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությանը և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ Ադրբեջանի հարցերով պատասխանատու ստորաբաժանմանը։

«ՀայաՔվե»-ի պնդմամբ՝ նման այցերը չպետք է վերածվեն Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հակահայկական իրողությունների, հայկական մշակութային ժառանգության կեղծ վերագրման և Արցախից տեղահանված հայ բնակչության իրավունքների անտեսման միջազգային լեգիտիմացման միջոցի։ Միավորումը հայտնել է, որ շարունակելու է այս հարցերը բարձրաձայնել միջազգային գործընկերների և համապատասխան կառույցների առջև՝ անկախ նման նախաձեռնությունների կազմակերպման ձևաչափից։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version