Արտաքին աշխարհ

Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավտո և երկաթուղային խոշոր ընկերությունների դեմ

ԱՄՆ-ը պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել Իրանի ընկերությունների նկատմամբ՝ թիրախավորելով երկրի խոշորագույն ավտոարտադրողներին, երկաթուղային ոլորտի կազմակերպություններին, ինչպես նաև մետալուրգիական ու մեքենաշինական ձեռնարկություններին։

Սահմանափակումների ցանկում ընդգրկվել են Իրանի երկու խոշորագույն ավտոարտադրողները՝ Iran Khodro-ն և SAIPA-ն։ Ընդհանուր առմամբ պատժամիջոցները տարածվել են իրանական յոթ ավտոընկերությունների վրա, այդ թվում՝ մոտոցիկլետների խոշորագույն արտադրող Niroo Motor-ի։

Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև իրանական ավտոարդյունաբերության արտասահմանյան գործընկերները։ Դրանց թվում է ինդոնեզական Golden Motorcycle Company-ն, ինչպես նաև ԱՄԷ-ում, Թուրքիայում և Հոնկոնգում գործող ավտոմասերի արտադրությամբ զբաղվող ընկերությունները։

ԱՄՆ-ի սահմանափակումների ցանկում ներառվել են նաև Իրանի խոշորագույն երկաթուղային ընկերությունները՝ պետական Islamic Republic of Iran Railway Company-ն, Raja Passenger Trains Company-ն և մասնավոր բեռնափոխադրող Sherkat-E Rah Ahan-E Khamle-O-Naghle-ն։

Պատժամիջոցներ են սահմանվել նաև մետալուրգիական և մեքենաշինական ոլորտների ձեռնարկությունների նկատմամբ։ Դրանց թվում է Heavy Equipment Production Company (HEPCO)-ն, որը, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության, Մերձավոր Արևելքում հանքարդյունաբերական և ճանապարհաշինական տեխնիկայի խոշորագույն արտադրողներից մեկն է։ Ցանկում ներառվել է նաև ընկերության՝ Շանհայում գործող դուստր ձեռնարկությունը։

Ամերիկյան իշխանությունները պատժամիջոցների ցուցակում ընդգրկել են նաև ԱՄԷ-ում և Գերմանիայում գործող ընկերություններ, որոնք, նրանց պնդմամբ, աջակցել են իրանական մետալուրգիական ձեռնարկություններին։ Սահմանափակումները վերաբերել են նաև պողպատի և նավթի արտահանման ցանցին, որը կապված է Հոնկոնգում գործունեություն ծավալած Իրանի և Դոմինիկյան Հանրապետության երկու քաղաքացիների հետ։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունում հայտարարել են, որ երկաթուղային և ավտոմոբիլային ոլորտները շարունակում են մնալ Իրանի իշխանությունների եկամուտների և լոգիստիկ հնարավորությունների հիմնական աղբյուրներից։ Նոր միջոցառումները ներառվում են օգոստոսին Վաշինգտոնի նախաձեռնած «Տնտեսական վտարանդի» գործողության շրջանակում, որի նպատակը Իրանի եկամուտների աղբյուրների կրճատումն է։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version