Արտաքին աշխարհ
Մոսկվայում քննարկվել է Աբխազիայի միջոցով Հայաստան հասնող երկաթուղային երթուղու նախագիծը

Ռուսաստանում ներկայացվել է Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի միջև՝ Աբխազիայի տարածքով, երկաթուղային ու ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման նախագիծը։ News.am-ը, վկայակոչելով «Вектор Кавказа»-ին, հայտնում է, որ նախաձեռնությունը ստացել է «Պուտինի ուղի» աշխատանքային անվանումը։
Նախագիծը ներկայացվել է սեպտեմբերի 28-ին՝ «Հարավային Կովկասի տրանսպորտալոգիստիկ կապերի զարգացման հեռանկարները» միջազգային համաժողովում։ Այն նախատեսում է խորհրդային տարիներին գործող տրանսպորտային երթուղու վերականգնում և կարող է դիտարկվել Հարավային Կովկասի միասնական տրանսպորտալոգիստիկ համակարգի բաղադրիչ։ Նախաձեռնության հեղինակը Կապերի զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն Վլադիսլավ Գասումյանովն է։
ԵՊՀ Ռուսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արամ Սաֆարյանի խոսքով՝ Աբխազիայի միջոցով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը կրկին հայտնվել է օրակարգում, քանի որ տարածաշրջանի քաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակը էապես փոխվել է։ Նա նշել է, որ դեռևս 2016 թվականին քննարկվում էր Մոսկվա-Թբիլիսի երթուղու վերականգնման հնարավորությունը, սակայն նախաձեռնությունը շարունակություն չէր ստացել։ Սաֆարյանն առաջարկում է նոր նախագիծը դիտարկել Հարավային Կովկասի ընդհանուր տրանսպորտային համակարգի մաս, այլ ոչ թե այլ երթուղիների հետ մրցող առանձին ռուսական նախաձեռնություն։
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը նույնպես կարծում է, որ այդ երկաթուղային կապի վերականգնումը կարող է տնտեսական օգուտներ բերել տարածաշրջանին։ Նրա գնահատմամբ՝ Թբիլիսին ապագայում կարող է երթուղին դիտարկել որպես տնտեսապես շահավետ՝ ավելի շատ առաջնորդվելով սեփական ազգային շահերով։
Միևնույն ժամանակ, այս գնահատականը չի արտացոլում Վրաստանի իշխանությունների դիրքորոշումը։ Թբիլիսին Աբխազիայի միջոցով հաղորդակցության վերականգնման հարցը նախևառաջ կապում է երկրի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում ռուսական զինուժի ներկայության հետ։
Նախագիծը քննարկվում է Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերաձևավորման պայմաններում։ Այդ համատեքստում հիշատակվում է նաև TRIPP-ը՝ «Թրամփի երթուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման», որը նախատեսում է Հայաստանի տարածքում մուլտիմոդալ ենթակառուցվածքի զարգացում և Ադրբեջանի հիմնական հատվածի կապը Նախիջևանի հետ։ Երևանը շեշտում է, որ այն պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության պահպանմամբ՝ «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի շրջանակում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին հայտարարել էր, որ TRIPP-ի իրականացումն անցնում է գործնական փուլ։ Նրա խոսքով՝ հեռանկարում նախագիծը կարող է Հայաստանին երկաթուղային կապ ապահովել Ադրբեջանի, իսկ դրա միջոցով՝ Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ։
Աբխազիայի միջոցով երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է վրաց-աբխազական հակամարտությունից և 1990-ականների սկզբին ենթակառուցվածքների ավերումից հետո։ 2026 թվականի փետրվարին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր Ռուսաստանի և Վրաստանի միջև այդ երթուղու վերականգնման հնարավորության մասին, սակայն Թբիլիսին դրա իրականացումը շարունակում է կապել տարածքային ամբողջականության հարցի հետ։
Աղբյուր՝ 168.am