Քաղաքականություն
Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի նախկին ղեկավարները պետք է պատժվեն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության VIII համագումարում հայտարարել է, որ Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները ռազմական հանցագործներ են և պետք է ստանան իրենց արժանի պատիժը։ Նրա ելույթը փոխանցել է ադրբեջանական APA գործակալությունը։
Միաժամանակ Ալիևը նշել է, որ մեղքը չի կարելի ամբողջությամբ բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա։ Նա պնդել է, թե Հայաստանի ներկայիս իշխանությունները Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ են ներկայացրել և իրենց հայտարարություններով վիրավորել ադրբեջանցիների արժանապատվությունը։
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից» և «հակաահաբեկչական գործողությունից» հետո Ադրբեջանի ջանքերն ուղղված են եղել երկրի տարածքային ամբողջականության լիակատար վերականգնմանը։ Նրա խոսքով՝ այդ ընթացքում Բաքուն գործել է մի քանի ուղղություններով։
Ալիևը նաև ասել է, որ Ադրբեջանը միջազգային ասպարեզում մեծ հարգանք է վայելում, իսկ որոշ փորձագետներ և վերլուծաբաններ երկիրը դասում են միջին տերությունների շարքին։ Նա այդ հանգամանքը կապել է Ադրբեջանի տնտեսական անկախության հետ։
Ադրբեջանի ղեկավարը Բաքվի հիմնական խնդիրներից է համարել ռազմական հզորության ամրապնդումը՝ նշելով, որ դա անհրաժեշտ է յուրաքանչյուր երկրի համար։ Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի գաղափարախոսական տարածքը պետք է զերծ լինի օտար ազդեցություններից, իսկ երկրի արտաքին քաղաքականությունը կառուցվի այնպես, որ որևէ մեկը չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին։
Ալիևը պնդել է, որ Ադրբեջանը այլ երկրների նկատմամբ երկերեսանիություն չի ցուցաբերել, թեև, նրա խոսքով, նման վերաբերմունքի բազմիցս հանդիպել է։ Նա նաև «Նոր Ադրբեջան» կուսակցությունն անվանել է ոչ միայն Ադրբեջանի, այլև Հարավային Կովկասի ամենամեծ քաղաքական ուժը։
Աղբյուր՝ 168.am