Արտաքին աշխարհ

Եմենում կողմերը հայտնել են օդային և հրթիռային փոխադարձ հարձակումների մասին

Եմենի զինված ուժերը հայտարարել են, որ վերջին երեք ժամում Թաիզի նահանգի տարբեր շրջաններում 20 ավիահարված են հասցրել հութիների ստորաբաժանումների, հավաքատեղիների, անձնակազմի, մեքենաների և ռազմական տեխնիկայի ուղղությամբ։ Այս մասին X-ում հայտնել է զինված ուժերի մամուլի կենտրոնը՝ նշելով, որ հարվածների հետևանքով վնասներ են պատճառվել հութիների ուժերին և նրանց տեխնիկային։

Զինված ուժերը Թաիզի բնակիչներին կոչ են արել խուսափել այն ճանապարհներից, որոնք հութիներն օգտագործում են ռազմական տեղաշարժերի և մատակարարումների համար։ Զինված ուժերի խոսնակի փոխանցմամբ՝ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Ադենի օդային տարածքում խոցել են հութիների անօդաչու թռչող սարքերը՝ նախքան դրանց՝ քաղաքացիական տարածքներին հարվածելը։

Միաժամանակ, Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանը աջակցող Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հութիներին մեղադրել է հոկտեմբերի 1-ին Մեդինայում էլեկտրաէներգետիկ օբյեկտի վրա հարձակվելու համար։ Կատարի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Քուվեյթի, Հորդանանի, Պակիստանի և Թուրքիայի իշխանությունները, ինչպես նաև Մուսուլմանական աշխարհի լիգան, դատապարտել են Մեդինայի նահանգի քաղաքացիական ենթակառուցվածքների և Մուհամմադ մարգարեի մզկիթը սպասարկող էլեկտրակայանի դեմ հարձակումը։

Հութիներին պատկանող Saba գործակալության փոխանցմամբ՝ շարժումը հերքել է Մեդինան թիրախավորելու մեղադրանքը՝ այն որակելով «սուտ»։ Շարժումը հայտարարել է, որ այդ պնդումը նպատակ ունի քողարկել Սաուդյան Արաբիայի անկարողությունը՝ հիմնավորելու ավելի վաղ հնչեցրած մեղադրանքը, թե հութիները թիրախավորել են Մեքքան։

Եմենի զինված ուժերի խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարին էլ հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ինքնաթիռները վերջին 24 ժամում Եմենի երեք նահանգներում իրականացրել են 47 ավիահարված և հրթիռային հարձակում։ Նրա խոսքով՝ վնասներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ կապի ցանցերին և դպրոցներին։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version