Հասարակություն
Թաղման նպաստի նոր կարգավորմամբ այն կտրամադրվի միայն անապահովության համակարգում նպաստ ստացողի հուղարկավորության դեպքում

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ վճարների քաղաքականության վարչության պետ Անահիտ Գալստյանի խոսքով՝ շրջանառվող օրենսդրական փաթեթով նախատեսվում է վերանայել թաղման նպաստի համակարգը։
Նրա ներկայացմամբ՝ գործող կարգավորմամբ թաղման նպաստի իրավունք ունի այն անձը, որը կազմակերպում է կենսաթոշակառուի կամ անապահովության համակարգում հաշվառված ընտանիքի անդամի հուղարկավորությունը։ Նոր կարգավորմամբ նպաստը նախատեսվում է տրամադրել միայն անապահովության համակարգում նպաստ ստացող ընտանիքի անդամի հուղարկավորությունը կազմակերպած անձին։
Նախատեսվում է նաև, որ նպաստը կվճարվի այն դեպքում, երբ մահացած անձը հուղարկավորվել է Հայաստանի Հանրապետությունում։ Գալստյանի խոսքով՝ այդ փոփոխությունը հնարավորություն կտա թաղման նպաստի համար դիմել առցանց և առավելագույնս բացառել թղթային դիմումների անհրաժեշտությունը։
Կենսաթոշակների մասով ևս շրջանառվում է առանձին նախագիծ։ Անահիտ Գալստյանի փոխանցմամբ՝ թաղման նպաստի համակարգի փոփոխությունից ակնկալվում է խնայել մոտ 4,3-4,4 միլիարդ դրամ, իսկ այդ գումարին կավելացվի ևս 1,1-1,2 միլիարդ դրամ։ Նախատեսվում է, որ հունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակների չափերը։
Աշխատանքային կենսաթոշակի հիմնական չափը 34 000 դրամից կդառնա 34 500 դրամ, ինչի արդյունքում ցանկացած աշխատանքային կենսաթոշակ առնվազն 500 դրամով կավելանա։ Նվազագույն կենսաթոշակը 46 000 դրամից կդառնա 47 000 դրամ։ Ըստ Գալստյանի՝ ներառյալ 14 տարվա ստաժ ունեցող անձանց կենսաթոշակը կավելանա 1000 դրամով, իսկ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակների աճը կլինի ավելի մեծ։
Աղբյուր՝ aravot.am