Քաղաքականություն
«ՀայաՔվե»-ն միջազգային դիտորդների հետ քննարկել է հետընտրական իրավիճակը

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հանդիպել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչների հետ։
Միավորման փոխանցմամբ՝ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում հետընտրական զարգացումներին և, իրենց գնահատմամբ, իշխող վարչախմբի կողմից քաղաքացիական ու քաղաքական իրավունքների զանգվածային խախտումներին։ Առանձին քննարկվել են «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանի ազատազրկումը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող արշավը, ինչպես նաև ազատազրկումն ու ունեզրկումը ընդդիմախոսների դեմ հաշվեհարդարի միջոց օգտագործելու գործելակերպը։
«ՀայաՔվե»-ն հայտնել է, որ շարունակելու է պայքարը Հայաստանում ազատ և ինքնիշխան ազգային պետության կայացման համար։ Միավորումը նաև նշել է, որ պատրաստ է համագործակցել այն միջազգային կառույցների հետ, որոնք, իր գնահատմամբ, հետևողականորեն աջակցում են քաղաքացիների իրավունքների ու ազատությունների և օրենքի գերիշխանության պաշտպանությանը։
Աղբյուր՝ aravot.am