Քաղաքականություն

Հայկ Մամիջանյանը քննադատել է ԵԽԽՎ-ի ընտրությունների վերաբերյալ զեկույցի ձևակերպումները

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին անդամ Հայկ Մամիջանյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ընդունած զեկույցին։

Մամիջանյանի գնահատմամբ՝ զեկույցում արձանագրված խնդիրները չեն համապատասխանում իր ակնկալիքներին, քանի որ ձևակերպումները, նրա խոսքով, պետք է ավելի կոշտ լինեին։ Նա պնդել է, որ եվրոպական կառույցները շարունակում են աշխարհաքաղաքական նկատառումներով չանդրադառնալ Նիկոլ Փաշինյանի կառավարության գործողությունների մի մասին, սակայն միաժամանակ ստիպված են արձանագրել մարդու իրավունքների և օրենքի խախտումները։

ԵԽԽՎ-ի զեկույցում ընտրությունների քարոզարշավը բնութագրվում է որպես խիստ առճակատումային՝ բաժանարար հռետորաբանությամբ, ձայներ գնելու և այլ ընտրախախտումների վերաբերյալ մեղադրանքներով։ Փաստաթղթում նշվում է, որ ընդդիմության թեկնածուների ու ակտիվիստների նկատմամբ հարուցված բազմաթիվ քրեական վարույթները, ինչպես նաև պետական հատվածի աշխատակիցների վրա իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու նպատակով գործադրված ճնշումը մտահոգություններ են առաջացրել քարոզարշավի հավասար հնարավորությունների վերաբերյալ։

Զեկույցը մտահոգիչ է համարում նաև ԿԸՀ-ի կողմից մի շարք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը։ Մամիջանյանը առանձնացրել է երկքաղաքացիների քվեարկության իրավունքի սահմանափակումների, շուրջ 6000 արցախցիների՝ քվեարկելու հնարավորությունից զրկվելու, ինչպես նաև վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ արձանագրումները։ Նրա խոսքով՝ փաստաթղթում անդրադարձ կա նաև մասնավոր կազմակերպությունների և բանկերի կողմից ընտրություններից առաջ կազմակերպված միջոցառումներին, որոնք կարող էին դիտվել որպես քարոզչություն։

Նա նշել է, որ զեկույցում որոշ օրենսդրական փոփոխություններ, համաներումներ և սոցիալական գործընթացներ դիտարկվում են ընտրակաշառքի համատեքստում, իսկ քրեական գործերի շրջանակում հրապարակված ձայնագրությունների վերաբերյալ արձանագրվել է ընտրողական արդարադատության մտահոգություն։ Մամիջանյանի փոխանցմամբ՝ դիտորդները իրենց այցելած ընտրատեղամասերի 44 տոկոսում տարբեր բնույթի խախտումներ են արձանագրել։

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում կառավարության հասցեին, այդ թվում՝ եկեղեցու նկատմամբ քաղաքականության վերաբերյալ հնչած քննադատություններին՝ Մամիջանյանն ասել է, որ միջազգային գործընկերների ելույթները գովելի են, սակայն դրանք չեն փոխարինում Հայաստանի ներսում անելիքներին։

Նրա գնահատմամբ՝ Եվրոպայի համար Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հիմնական հետաքրքրությունը շարունակում է մնալ հակառուսական ուղղվածությունը։ Միաժամանակ, ըստ Մամիջանյանի, Փաշինյանի գործողություններն այնքան հակաօրենսդրական և հակաիրավական են, որ եվրոպական կառույցներն այլևս պատրաստ չեն նրան լիակատար աջակցություն ցուցաբերել։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version