Քաղաքականություն

Չալաբյան․ ադրբեջանցի զինծառայողը պետք է Հայաստանում դատվի, ապա միայն քննարկվի հնարավոր փոխանակումը

«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի կարծիքով՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը պետք է Հայաստանում դատվի օրենքի ամբողջ խստությամբ և ստանա առնվազն 20 տարվա պատիժ, եթե ոչ՝ ցմահ ազատազրկում։

Ասուլիսում Չալաբյանը նշել է, որ միայն Հայաստանի օրենքներով պատիժը կրելուց հետո կարող է քննարկվել նրա հնարավոր արտահանձնումը կամ փոխանակումը։ Նրա խոսքով՝ արտահանձնման դեպքում պետք է լինի փոխանակում, սակայն առաջնահերթ է համարում այդ անձի դատավարությունը Հայաստանում։

Չալաբյանը պնդել է, որ Հայաստանի իշխանությունները մի քանի օր տեղյակ են եղել երկրի տարածք հնարավոր ներթափանցման մասին, իսկ ադրբեջանցի զինծառայողը վնասազերծվել է ոչ թե անվտանգության ծառայությունների, այլ Շաքի գյուղի բնակիչների կողմից։ Ըստ նրա՝ զինծառայողը կրակել է և վիրավորել գյուղի բնակչին, ինչպես նաև մարմնական վնասվածքներ հասցրել երեխաներին։

Նա այս դեպքը ներկայացրել է որպես Հայաստանի, մասնավորապես՝ Սյունիքի անվտանգային համակարգի խնդիրների դրսևորում՝ նշելով, որ զինված անձը կարողացել է հատել պետական սահմանը և մի քանի օր գտնվել երկրի տարածքում։

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է դատարան։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version