Քաղաքականություն
Գյուլերը ներկայացրել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության ընդլայնման ծրագրերը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Շուշիում մասնակցել է Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Գյուլերն անդրադարձել է Անկարայի և Բաքվի ռազմական համագործակցությանը, ինչպես նաև համատեղ ռազմարդյունաբերական ծրագրերին։
Նրա խոսքով՝ ցամաքային, օդային և հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ անցկացվող ամենամյա զորավարժությունները նպատակ ունեն ապահովելու երկու երկրների զինված ուժերի գործառնական համատեղելիությունը։
Անդրադառնալով Շուշիի դաշնակցային հռչակագրին՝ Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է, որ այն ավելի է ամրապնդել համագործակցության քաղաքական և ռազմավարական հիմքերը։ Գյուլերի խոսքով՝ անվտանգության հարցերում Թուրքիայի և Ադրբեջանի համերաշխությունը իրավիճակային որոշում չէ, այլ ռազմավարական գործընկերության հետևանք։ Նա այդ մոտեցումը ձևակերպել է այսպես՝ «Ուժեղ Ադրբեջան նշանակում է ուժեղ Թուրքիա»։
Գյուլերը նաև նշել է, որ ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունը չի սահմանափակվելու պատրաստի արտադրանքի մատակարարմամբ։ Նրա խոսքով՝ առաջնահերթություն են լինելու տեխնոլոգիաների փոխանակումը, համատեղ արտադրությունն ու կարողությունների զարգացումը։ Նա համատեղ նախագծերի իրականացման մեծ ներուժ է տեսնում 5-րդ սերնդի «KAAN» կործանիչի, «ANKA III» և «Bayraktar KIZILELMA» անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև օդային համակարգերի ուղղությամբ։
Ներկայացնելով Թուրքիայի՝ մինչև 2035 թվականը նախատեսված տեսլականը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարը կարևորել է տեխնոլոգիական անկախության ձեռքբերումը և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում ազգային կարողությունների զարգացումը։
Գյուլերը հավելել է, որ մինչև 2035 թվականը նախատեսվում է զարգացնել հետախուզության, դիտարկման, էլեկտրոնային աջակցության և տարածաշրջանային տեղորոշման արբանյակային համակարգերը՝ Թուրքիայի զինված ուժերի կարիքներն ամբողջությամբ բավարարելու համար։
Աղբյուր՝ 168.am