Քաղաքականություն

Ադրբեջանի հարվածային ներուժի ընդլայնումն ու Հայաստանի պաշտպանական վերափոխումը

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը հետախուզական-հարվածային անօդաչու սարքերի գերազանցության վրա հիմնված մոդելից անցել է բազմոլորտային հարձակողական կարողությունների զարգացմանը։ Այդ ուղղությունը ներառում է ավիացիա, բարձր ճշգրտության «երկիր-երկիր» հրթիռային համակարգեր և ինտեգրված հակաօդային պաշտպանություն։ Հայաստանը, իր հերթին, ձևավորում է առավելապես պաշտպանական և էշելոնացված համակարգ՝ միաժամանակ դիվերսիֆիկացնելով սպառազինության մատակարարներին։

Վերլուծության համաձայն՝ երկու երկրների ռազմական գնումների ծավալների և բնույթի տարբերությունը հետպատերազմյան տարիներին պահպանվել է։ Ադրբեջանի 2025 թվականի պաշտպանական բյուջեն գնահատվել է մոտ 4,9-5 միլիարդ դոլար՝ ՀՆԱ-ի շուրջ 5 տոկոսը։ Այդ միջոցների առաջնահերթությունների թվում են զինամթերքի և անօդաչու սարքերի համալրումը, զրահատեխնիկայի արդիականացումը, բարձր ճշգրտության հարվածային միջոցների ավելացումն ու վերահսկողության տակ անցած տարածքների ենթակառուցվածքային շինարարությունը։ Բաքվի հիմնական ռազմական գործընկերները շարունակում են մնալ Իսրայելն ու Թուրքիան։

Ադրբեջանի ռազմական ավիացիայի կարևոր ձեռքբերումներից է չին-պակիստանյան JF-17C Block III բազմաֆունկցիոնալ կործանիչների գնումը։ Նախնական՝ 1,6 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիրը նախատեսում էր 8 ինքնաթիռի մատակարարում՝ ևս 8-ի հնարավորությամբ։ 2025 թվականի մայիսին պատվերը մեծացվել է՝ հասնելով 40 ինքնաթիռի, իսկ պայմանագրի ընդհանուր արժեքը գնահատվել է շուրջ 4,2-4,6 միլիարդ դոլար։ Առաջին սերիական ինքնաթիռները հանրությանը ցուցադրվել են 2025 թվականի նոյեմբերի 8-ին Բաքվում կայացած զորահանդեսում։

Փորձագետների գնահատմամբ՝ JF-17C Block III-ի նշանակությունը միայն հնացած ՄիԳ-29 և Սու-25 ինքնաթիռների փոխարինումը չէ։ Ինքնաթիռները կարող են ինտեգրվել Bayraktar TB2 անօդաչու սարքերի և արտաքին թիրախավորման համակարգերի հետ՝ հետախուզությունն ու բարձր ճշգրտության խոցումը մեկ ցանցում միավորելու համար։ Ադրբեջանը նաև ընդլայնել է ծանր հարվածային անօդաչու սարքերի պարկը՝ ձեռք բերելով Bayraktar Akıncı համակարգեր։ 2023 թվականի ապրիլին Baykar ընկերության հետ ստորագրվել է Ադրբեջանի տարածքում այդ սարքերի համատեղ արտադրության մտադրությունների մասին արձանագրություն։

Բաքուն թուրքական ընկերությունների հետ արդիականացնում է նաև Սու-25 գրոհիչները և ձեռք է բերել իտալական C-27J Spartan տրանսպորտային ինքնաթիռներ։ Հարվածային ներուժի մյուս բաղադրիչներից են իսրայելական LORA համալիրը, բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը և թուրքական TRLG-230, TRG-300 ու Kasırga-TRLG 230A համալիրները։

Ադրբեջանը միաժամանակ ուժեղացնում է հակաօդային պաշտպանությունը։ 2025 թվականին առաջին անգամ հրապարակայնորեն ցուցադրվել է չինական HQ-9BE հեռահար համակարգը։ Այն լրացնում է ռուսական Ս-300-ների և իսրայելական Barak համակարգերի առկա ներուժը՝ ձևավորելով բազմաշերտ հակաօդային պաշտպանության ճարտարապետություն։ Վերլուծության մեջ նշվում է, որ այդ համակարգերը կարող են ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական գործողությունների ապահովման դեր ունենալ՝ նվազեցնելով ավիացիայի և հրթիռային զորքերի խոցելիությունը հնարավոր պատասխան հարվածների դեպքում։

Հայաստանը 2020 թվականից հետո սպառազինության հիմնական ուղղությունները փոխել է՝ Ռուսաստանից առավելապես կենտրոնանալով Հնդկաստանի և Ֆրանսիայի վրա։ Հնդկաստանից ձեռք բերվող կամ ստացվող համակարգերի թվում են Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, Swathi հակամարտկոցային ռադարները, Zen Anti-Drone հակաօդաչու համակարգերը, Akash զենիթահրթիռային համալիրները և 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային կայանքները։ Հնդկական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ մինչև 2024-2025 ֆինանսական տարվա սկիզբը Երևանի գնումների ծավալը հասել է 600 միլիոն դոլարի, իսկ ընդհանուր պայմանագրերի արժեքը գնահատվում է շուրջ 2 միլիարդ դոլար։

Հայ-հնդկական հնարավոր խոշոր պայմանագրերից մեկը կապված է Su-30MKI կործանիչների հետ։ Շուրջ 2,5-3 միլիարդ դոլար գնահատվող գործարքով նախատեսվում է 8-12 ինքնաթիռի առաջին խմբաքանակի մատակարարում մոտավորապես 2027-2029 թվականներին։ Ըստ ներկայացված գնահատականների՝ ինքնաթիռները կարող են համալրվել հնդկական Uttam AESA ռադարով, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերով և Astra Mk-1 ու Mk-2 «օդ-օդ» հրթիռներով։

Հայաստանի պաշտպանական նոր մոտեցման առանցքում էշելոնացված հակադրոնային պաշտպանությունն է։ Առաջին՝ 0-10 կիլոմետրանոց էշելոնը նախատեսում է տեղական արտադրության FPV անօդաչու սարքերի և հակադրոնային համակարգերի համատեղ կիրառում, իսկ 10-80 կիլոմետրանոց գոտում՝ ավելի ծանր FPV սարքերի ու թափառող զինամթերքի օգտագործում։

2020 թվականի պատերազմի փորձը, ըստ վերլուծության, ցույց է տվել Հայաստանի ժամանակակից ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների պակասը։ Այդ պատճառով հետպատերազմյան գնումներն իրականացվում են որպես ռադարների, հետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի և հակաօդային պաշտպանության միասնական փաթեթ։ Միաժամանակ նշվում է, որ հայկական ռազմարդյունաբերական համալիրը դեռևս հիմնականում եզակի նմուշների ստեղծման, այլ ոչ թե սերիական արտադրության փուլում է։ Գնված համակարգերի արդյունավետությունը համադրելի ինտենսիվության իրական մարտական գործողություններում դեռևս հաստատված չէ, իսկ տարբեր ծագման սարքավորումների ինտեգրումը միասնական կառավարման ցանցին մնում է բարդ խնդիր։

2026 թվականի համար Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը նախատեսվել են 8,715 միլիարդ մանաթի՝ շուրջ 5,1 միլիարդ դոլարի մակարդակում։ Դա պետբյուջեի ընդհանուր ծախսերի մոտ 21 տոկոսն է և 2025 թվականի համեմատ 3,8 տոկոսով ավելի։ Հայաստանի համար ընթացիկ տարվա պաշտպանական ծախսերը նախատեսվել են մոտ 16 տոկոսով կրճատել՝ հասցնելով 560 միլիարդ դրամի կամ մոտ 1,5 միլիարդ դոլարի։

Ներկայացված գնահատականներով՝ այդ ցուցանիշների հիման վրա երկու երկրների պաշտպանական բյուջեների բացարձակ տարբերությունը կազմում է մոտ 3,5։1՝ հօգուտ Ադրբեջանի։ Վերլուծության եզրակացությամբ՝ Ադրբեջանի հեռահար հարվածային միջոցների, ավիացիայի և հակաօդային պաշտպանության զարգացումը, ինչպես նաև Հայաստանի ավելի սահմանափակ ռեսուրսներով արդիականացումը, միջնաժամկետ՝ 2027-2029 թվականների հեռանկարում պահպանում են ուժերի կառուցվածքային անհավասարակշռությունը Բաքվի օգտին։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version