Քաղաքականություն
Ադրբեջանի իշխող կուսակցությունն առաջարկում է վերացնել նախագահի պաշտոնավարման ժամկետի սահմանափակումը

Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունում առաջարկվում է փոխել կուսակցության նախագահի ընտրության կարգը։ Այդ մասին կուսակցության VIII համագումարում կանոնադրության փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարել է YAP-ի Վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովի անդամ, պատգամավոր Նիզամի Սաֆարովը, հայտնում է APA-ն։
Նրա խոսքով՝ գործող կանոնադրությամբ կուսակցության նախագահի լիազորությունների ժամկետը հինգ տարի է, որից հետո նախագահը կարող է համագումարի կողմից վերընտրվել։ Սաֆարովը հայտարարել է, որ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ YAP-ը, առանց լիազորությունների ժամկետի սահմանափակման, կշարունակի հասնել նոր հաջողությունների և հաղթանակների։
Իլհամ Ալիևը «Նոր Ադրբեջան» կուսակցությունը ղեկավարում է 2005 թվականից։ Նա 1999 թվականին կուսակցության I համագումարում ընտրվել էր նախագահի տեղակալ, իսկ 2001 թվականի նոյեմբերի 21-ին կայացած II համագումարում՝ նախագահի առաջին տեղակալ։
2003 թվականի հոկտեմբերին Ալիևն ընտրվել է Ադրբեջանի նախագահ։ Կուսակցության III համագումարում՝ 2005 թվականի մարտի 26-ին, նա ընտրվել է YAP-ի նախագահ։ Մինչ այդ՝ «Նոր Ադրբեջանի» հիմնադրումից՝ 1992 թվականից, կուսակցությունը ղեկավարում էր դրա հիմնադիր Հեյդար Ալիևը։
Աղբյուր՝ 168.am