Արտաքին աշխարհ
Գարեգին Երկրորդը Մայր Աթոռում ընդունել է Արգենտինայի պատվիրակությանը

Հոկտեմբերի 2-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արգենտինայից ժամանած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին Սենատի անդամներ և քաղաքական գործիչներ։
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը նշել է, որ այցը հայ և արգենտինացի ժողովուրդների բարեկամության հերթական վկայությունն է։ Նա կարևորել է նման հանդիպումները՝ երկու ժողովուրդների փոխճանաչողությունն ու կապերը խորացնելու տեսանկյունից։
Գարեգին Երկրորդը գոհունակությամբ անդրադարձել է դժվարին ժամանակներում Արգենտինայի ցուցաբերած աջակցությանը հայ ժողովրդին, ինչպես նաև արգենտինահայ համայնքի ներդրմանը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ներկայիս գործունեությունը՝ ընդգծելով քրիստոնեական հավատքի, ազգային ինքնության և հոգևոր արժեքների պահպանման նշանակությունը հայ ժողովրդի կյանքում։
Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ այցը հնարավորություն է տալիս ավելի մոտիկից ճանաչել Հայաստանն ու հայ ժողովրդին, նրա պատմությունն ու մշակույթը։
Աղբյուր՝ aravot.am