Արտաքին աշխարհ
Իսրայելական մամուլը Թուրքիայի ակտիվությունը սպառնալիք է համարում տարածաշրջանում Իսրայելի դիրքերի համար

Թուրքիայի և Լիբիայի միջև ծովային գոտիների սահմանազատման համաձայնագիրը, ինչպես նաև Անկարայի աճող ռազմական ու դիվանագիտական ներկայությունը սահմանափակում են Իսրայելի ռազմավարական հնարավորությունները և նպաստում նրա տարածաշրջանային մեկուսացմանը, գրում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով իսրայելական անվտանգության ոլորտի պաշտոնյաներին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Իսրայելցի պաշտոնյաների գնահատմամբ՝ Թուրքիայի քայլերը նպատակ ունեն սահմանափակելու Իսրայելի հնարավորություններն ու թուլացնելու նրա դիրքերը տարածաշրջանում։
Հրապարակման համաձայն՝ 2019 թվականին Թուրքիայի և Լիբիայի միջև կնքված համաձայնագիրը, շրջանցելով Կրետե և Հռոդոս կղզիները, Թուրքիայի ափերից մինչև Լիբիայի ափեր ձևավորել է «միջանցք»։ The Jerusalem Post-ը նշում է, որ Թուրքիայի ռազմական ներկայության հետ մեկտեղ այս իրավիճակը Միջերկրական ծովը «փաստացի բաժանել է երկու մասի»։
Պարբերականի տվյալներով՝ Լիբիային ցուցաբերած ռազմական աջակցության դիմաց Թուրքիան ստացել է Լիբիայի նավահանգիստներում և օդային տարածքում ներկայություն ապահովելու, ինչպես նաև երկրի տարածքում էներգետիկ պաշարներ որոնելու իրավունքներ։
Հոդվածում նշվում է, որ ստեղծված իրավիճակը Թուրքիային հնարավորություն է տալիս տարածաշրջանում ռազմական ենթակառուցվածքներ զարգացնել և իր սահմաններից հեռու տարածքներում ազդեցություն ունենալ ռազմական ու քաղաքացիական գործունեության, այդ թվում՝ ծովային առևտրի վրա։
Իսրայելական պարբերականի պնդմամբ՝ Թուրքիայի գործողությունները կարող են խոչընդոտել կամ առնվազն դժվարացնել Իսրայելից դեպի Կիպրոս, ապա Հունաստանի տարածքով Եվրոպա նախատեսվող բնական գազի խողովակաշարի նախագծի իրականացումը։
Հրապարակման մեջ ընդգծվում է, որ Իսրայելի ներմուծման 98 տոկոսը կատարվում է ծովային ճանապարհով, ինչի պատճառով Թել Ավիվը մտահոգված է Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ակտիվությամբ։ Իսրայելցի պաշտոնյաները իրավիճակը բնութագրել են այսպես․ «Թուրքիան Իսրայելին նեղն է գցում»։
Աղբյուր՝ 168.am