Առողջություն

«Փաստ». Հայաստանում մի շարք դեղամիջոցներ Վրաստանից թանկ են վաճառվում

«Փաստ» օրաթերթը գրում է, որ Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման ֆոնին քաղաքացիների համար լուրջ ֆինանսական բեռ է դարձել նաև անհրաժեշտ դեղամիջոցների ձեռքբերումը։ Պարբերականը համեմատել է Հայաստանում և Վրաստանում նույն կամ համադրելի անվանումներով մի շարք դեղերի գները։

Ըստ հրապարակման՝ սրտանոթային հիվանդությունների դեպքում կիրառվող «Կոնկորը» Հայաստանում միջինում արժե 4900 դրամ, իսկ Վրաստանում՝ մոտ 4300 դրամ։ «Պրեստանսի» գինը համապատասխանաբար 5700 և 4350 դրամ է, «Նեբիլետ Պլ յուսինը»՝ 4350 և 3800 դրամ, իսկ «Կո-Ամլեսսանը»՝ 4850 և մոտ 3500 դրամ։ «Էնապի» արժեքը Հայաստանում 900 դրամ է՝ Վրաստանի 480 դրամի համեմատ, իսկ «Կորդարոնը» վաճառվում է 2700 և 2100 դրամով։ «Կոպլավիքսի» գները կազմում են համապատասխանաբար 9400 և 8670 դրամ։

«Փաստի» ներկայացրած տվյալներով՝ «Մետֆորմին Դենկը» Հայաստանում արժե 4260 դրամ, իսկ Վրաստանում՝ 1590 դրամ։ «Ատորիսի» գինը երկու երկրներում 2800 և 1540 դրամ է։ «Ամոքսիկլավը» Հայաստանում վաճառվում է 4140 դրամով, Վրաստանում՝ 2470, իսկ «Օմեպրազոլը»՝ համապատասխանաբար 5360 և 1141 դրամով։ «Լանզոպտոլի» գները կազմում են 4250 և 1900 դրամ։

Հրապարակման համաձայն՝ շնչառական և ալերգիկ խնդիրների համար նախատեսված «Սերետայդի» միջին գինը Հայաստանում 15050 դրամ է, իսկ Վրաստանում՝ 8820 դրամ։ «Սալբուտամոլը» վաճառվում է 2500 և 1670 դրամով, «Ալեր Ջի»-ն՝ 2990 և 940 դրամով։ «Ացիկլովիր Դենկի» գինը Հայաստանում 4100 դրամ է՝ Վրաստանի 2420 դրամի դիմաց, իսկ «Կլոտրիմազոլինը»՝ 1000 և 720 դրամ։

«Փաստը» նշում է, որ իր ներկայացրած բոլոր 18 դիրքերի դեպքում Հայաստանում արձանագրված գինը բարձր է Վրաստանի համեմատ, և նման պատկեր կա նաև այլ դեղամիջոցների պարագայում։ Պարբերականը հնարավոր պատճառներից մեկը համարում է Հայաստանի դեղորայքի շուկայի կարգավորման և ներմուծման քաղաքականությունը՝ նշելով, որ գործող մոտեցումները կարող են սահմանափակել միջազգային, այդ թվում՝ եվրոպական արտադրողների և մատակարարների մուտքը շուկա, մրցակցությունն ու գնային ճնշումը։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version