Քաղաքականություն
Տաթևիկ Հայրապետյանը Ալիևի հայտարարությունը Փաշինյանին ուղղված ազդակ է համարում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Նոր Ադրբեջան» կուսակցության VIII համագումարում մեղադրել է Հայաստանի նախկին ղեկավարներին «ռազմական հանցագործություններ» կատարելու մեջ՝ հայտարարելով, որ նրանք պետք է ստանան իրենց արժանի պատիժը։ Նա նաև նշել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները տարածքային պահանջներ են ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ և վիրավորել ադրբեջանցի ժողովրդի արժանապատվությունը։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ Ալիևի այս հայտարարությունն ուղղված էր ոչ միայն Հայաստանի նախկին ղեկավարներին, այլև Նիկոլ Փաշինյանին։ 168.am-ի հետ զրույցում նա ասել է, որ Ադրբեջանի նախագահը փորձում է հասկացնե՛լ, թե Փաշինյանը «զերծ չէ բոլոր մեղքերից» և պետք է արագացնի իր առջև դրված գործընթացների իրականացումը։
Հայրապետյանի գնահատմամբ՝ այդ գործընթացների թվում են Եկեղեցու դեմ պայքարը, Սահմանադրությանը վերաբերող հարցերը և Հայաստանում ազգային արժանապատվության դրսևորումների դեմ հանդես եկողների նկատմամբ ճնշումների ավելացումը։ Նա այս հայտարարությունն անվանել է Բաքվից Փաշինյանին ուղղված ակնհայտ ազդակ։
Փորձագետը հիշեցրել է նաև Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Հաջիևի այն հայտարարությունը, թե ՀՀ կառավարությունը պետք է իր հասարակությանը նախապատրաստի խաղաղության։ Հայրապետյանի կարծիքով՝ միաժամանակ Ադրբեջանում մի ամբողջ սերունդ պատրաստում են ապագա պատերազմի՝ դպրոցներում տարածելով Հայաստանի տարածքի վերաբերյալ իրենց քարոզչությունը։
Անդրադառնալով ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողի հնարավոր փոխանակմանը Ադրբեջանում պահվող հայերի հետ՝ Հայրապետյանը նշել է, որ նախ պետք է քննություն անցկացվի։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պարզել, թե ինչպես է զինծառայողը հայտնվել Հայաստանի տարածքում, ինչպես է մի քանի օր ազատ տեղաշարժվել և ինչ է տեղի ունեցել գյուղում, որտեղ, ըստ նրա, սպառնալիք է ստեղծվել երիտասարդ կնոջ և նրա երեխաների համար։
Հայրապետյանը նշել է, որ խոսքը կոնկրետ հանցագործության մասին է, և եթե հարցը երբևէ քննարկվի գերիների համատեքստում, ապա դա պետք է արվի բոլոր գերիների վերադարձի սկզբունքով՝ «բոլորը՝ բոլորի դիմաց»։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը չպետք է այնպիսի տպավորություն ստանա, թե կարող է մտնել Հայաստանի տարածք, հանցանք կատարել և հեռանալ։ Փորձագետը նաև հարց է բարձրացրել, թե ինչու են հայերը դեռ գերության մեջ՝ վաշինգտոնյան պայմանավորվածություններից ավելի քան մեկ տարի անց։
Աղբյուր՝ 168.am