Արտաքին աշխարհ
ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է Զապորոժիեի ատոմակայանի շրջակայքում անօդաչուների հարձակումների մասին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկություն է ստացել վերջին երկու շաբաթվա ընթացքում Զապորոժիեի ատոմակայանի հարակից օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացված մի շարք հարձակումների մասին։ Տեղեկությունը տարածել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՄԱԳԱՏԷ-ի մամուլի հաղորդագրությանը։
Գործակալության հաղորդագրության համաձայն՝ հարձակումները վերջին շաբաթներին վտանգել են Զապորոժիեի ատոմակայանի միջուկային անվտանգությունը։ Սեպտեմբերի 19-ին, 20-ին և 27-ին հարվածներ են հասցվել Զապորոժիեի ջերմաէլեկտրակայանին։ Դրանց հետևանքով վնասվել են տրանսֆորմատորներ, որոնք կարևոր են ատոմակայանի արտաքին էլեկտրամատակարարման համար։
ՄԱԳԱՏԷ-ն նաև հայտնել է, որ սեպտեմբերի 22-ի հարձակման հետևանքով վնասվել է ատոմակայանից դուրս գտնվող ճառագայթային հսկողության կայանը։
Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին բանակցություններ է վարում տեղական հրադադարի նոր համաձայնության շուրջ։ ՄԱԳԱՏԷ-ի փոխանցմամբ՝ այն պետք է ուժի մեջ մտնի մոտ ապագայում։
Աղբյուր՝ 168.am