Քաղաքականություն
Հրանտ Միքայելյան․ Ալիևը խաղաղության գործընթացում նոր զիջումներ կորզելու նպատակով բարձրացնում է բանակցությունների գինը

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թիրախավորում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այդ կերպ բարձրացնելով խաղաղության գինը։ Այս մասին նա ասել է Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ անդրադառնալով Ալիևի հայտարարություններին, թե Հայաստանի նախկին ղեկավարները ռազմական հանցագործներ են, իսկ ներկայիս իշխանություններն էլ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ են ներկայացրել և վիրավորական հայտարարություններ արել։
Միքայելյանի խոսքով՝ Ալիևը նախկինում ևս բարձրացրել է բանակցությունների գինը, այդ թվում՝ առաջադրելով Հայաստանի սահմանադրական փոփոխության պահանջ։ Քաղաքագետը նշել է, որ եթե Ադրբեջանի ղեկավարը Հայաստանի ներկայիս իշխանություններին ևս սկսում է ռազմական հանցագործներ անվանել, ապա դա կարող է օգտագործվել լրացուցիչ զիջումներ կորզելու համար։ Միաժամանակ, ըստ նրա, Ադրբեջանի հռետորաբանությունն ավելի ռազմատենչ է դառնում։
Քաղաքագետը չի բացառել, որ վերջին միջադեպը կարող էր ուղղորդված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Նա նաև նշել է, որ ադրբեջանական լրատվամիջոցներում և տելեգրամյան ալիքներում արդեն հնչում են սպառնալիքներ։ Միքայելյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը Փաշինյանի նախկին հայտարարությունները, այդ թվում՝ «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպումը, ինչպես նաև Գյանջայի օդանավակայանի հրետակոծության թեման կարող է օգտագործել նրա դեմ։
Նրա գնահատմամբ՝ Ալիևը Փաշինյանի հետ խոսում է շանտաժի լեզվով։ Միքայելյանը կարծում է, որ Ադրբեջանի համար ներկայում առաջնային հարցը կարող է լինել ոչ թե Հայաստանի սահմանադրական փոփոխությունը, այլ Տիգրանաշենի տարածքը։ Նա նշել է, որ այդ տարածքով անցնում է Հայաստանի հարավը Իրանի հետ կապող ռազմավարական ճանապարհը, և դրա զիջումն անթույլատրելի է։
Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը գործում է ոչ թե զրոյական, այլ բացասական գումարի տրամաբանությամբ՝ պատրաստ լինելով նույնիսկ ինքն էլ կորուստներ ունենալ, եթե դրա արդյունքում Հայաստանը կրի ավելի մեծ կորուստներ։
Աղբյուր՝ aravot.am