Քաղաքականություն

Էդուարդ Աբրահամյանը կանխատեսում է Ադրբեջանի միջուկային ծրագրում Չինաստանի դերակատարությունը

Անվտանգության վերլուծության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմաբան-միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի միջուկային ծրագրի հիմնական գործընկերը կարող է լինել «Ռոսատոմը», սակայն վերջնական գործընկերոջ դերում առավել հավանական է Չինաստանը։

Աբրահամյանը նշել է, որ նման եզրակացության են եկել իր մասնագիտական խմբում՝ հաշվի առնելով ռուսական կողմի առկա տեխնոլոգիական և ֆինանսական դժվարությունները։ Նրա խոսքով՝ իրենց կանխատեսումը հետագայում հաստատել է «Մինվալը»։

Անդրադառնալով Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացմանը՝ փորձագետը գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ռոսատոմի» տնօրենի հետ հանդիպումից հետո պարզ է դարձել, որ քննարկվում է ոչ թե փոքր մոդուլային, այլ 1 ԳՎտ հզորությամբ նոր էներգաբլոկի անհրաժեշտությունը։ Աբրահամյանի գնահատմամբ՝ նոր ատոմային էներգաբլոկը պետք է արդեն նախնական կառուցման փուլում լիներ։

Նա նշել է, որ ամերիկյան կամ ֆրանսիական մոդուլային ատոմակայանի կառուցման հավանականությունը ցածր է։ Միաժամանակ, ըստ նրա, Հայաստանը բաց է թողել Չինաստանի կամ Ճապոնիայի հետ նոր, մեծ էներգետիկ հզորությամբ էներգաբլոկի կառուցման շուրջ պայմանավորվելու հնարավորությունը։ Աբրահամյանի կարծիքով՝ այդպիսի նախագիծը կարող էր դառնալ նաև երկկողմ ռազմավարական հարաբերությունների կարևոր բաղադրիչ։

Փորձագետը նաև ընդգծել է, որ արտաքին քաղաքական գործընթացների վերաբերյալ մասնագիտական գնահատականները վերլուծելիս անհրաժեշտ է պարզել, թե տվյալ մասնագետը որ տեսական դպրոցին է պատկանում և ինչ վերլուծական գործիքակազմ է կիրառում։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version