Արտաքին աշխարհ

Թրամփը ցանկություն է հայտնել իր անունով կոչել Ալաբամայում կառուցվող կամուրջը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է Ալաբամա նահանգի Մոբիլ գետի վրա կառուցվող նոր կամուրջն անվանակոչել իր անունով։ Ինչպես գրում է New York Post-ը, նա այդ մասին խոսել է հոկտեմբերի 2-ին Մոբիլ քաղաքում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ։

Թրամփը նշել է 3,2 միլիարդ դոլար արժողությամբ «Mobile River Bridge and Bayway» նախագիծը, որի շինարարությունը նախատեսվում է սկսել հոկտեմբերին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է Մոբիլ գետի վրայով կառուցել 6 նոր երթևեկելի կամուրջ և բարելավել Մոբիլ քաղաքի ու ծոցի արևելյան ափի միջև տրանսպորտային կապը։

«Գուցե այս անիծյալ կամուրջն իմ անունո՞վ կոչեն. ես միայն ուրախ կլինեմ»,— ասել է ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքերն ուղեկցվել են հանրահավաքի մասնակիցների ծափահարություններով և բացականչություններով։

Թրամփը նախագծի իրականացումը կապել է իր վարչակազմի տրամադրած ֆինանսավորման հետ։ ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը սեպտեմբերին հայտնել էր, որ նահանգին կամրջի և հարակից ենթակառուցվածքների շինարարության համար տրամադրվելու է մինչև 2,52 միլիարդ դոլարի դաշնային վարկ։ Ծրագրի առաջին փուլի ընդհանուր արժեքը գնահատվում է 3,2 միլիարդ դոլար։

Միաժամանակ, դաշնային ֆինանսավորման մի մասը հատկացվել էր նախորդ վարչակազմի օրոք։ 2024 թվականի հուլիսին նախագիծը ստացել էր 550 միլիոն դոլարի դրամաշնորհ, իսկ դրա վերջնական ձևակերպումը կատարվել էր Թրամփի պաշտոնավարման ընթացքում՝ 2025 թվականի մայիսին։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version