Քաղաքականություն

Լևոն Զուրաբյանը Փաշինյանին մեղադրել է Հայ Առաքելական Եկեղեցու դերը թուլացնելու մեջ

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններն ուղղված են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես հայ ժողովրդի ինքնության պահպանման կարևոր հաստատության դերի կազմաքանդմանը։

Զուրաբյանի գնահատմամբ՝ Փաշինյանը համագործակցում է Հայաստանի հոգևոր ոլորտում գործող օտարածին կրոնական կազմակերպությունների հետ և թշնամական վերաբերմունք է ցուցաբերում ավանդական ազգային եկեղեցու նկատմամբ։ Նա պնդել է, որ այս քաղաքականությունը վտանգում է Հայաստանի հոգևոր անվտանգությունը։

ՀԱԿ փոխնախագահը նշել է, որ Ադրբեջանում Հայ Առաքելական Եկեղեցին ենթարկվում է պետական և կրոնական կառույցների ճնշմանը, իսկ Երուսաղեմի հայկական տարածքների սեփականության հարցում, իր պնդմամբ, աճում են նաև Իսրայելի տարբեր շրջանակների ճնշումները։ Այդ պայմաններում, ըստ նրա, Հայաստանը պետք է պետական մակարդակով պաշտպաներ եկեղեցու շահերը։

Զուրաբյանը քննադատել է նաև կառավարության՝ եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցը և Փաշինյանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 1-ի ճեպազրույցում արված հայտարարությունները։ Նա դրանք դիտարկել է որպես եկեղեցու նկատմամբ իշխանության միջամտության ծրագրի վկայություն։

Գրառման մեջ Զուրաբյանը մեջբերել է Փաշինյանի խոսքերը, ըստ որոնց՝ գործընթացը պետք է իրականացվի «դանդաղ, համակարգված, ՏԱՆՋԵԼՈՎ», իսկ Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա։ Փաշինյանը, ըստ մեջբերման, հայտարարել է նաև, որ պետությունն այդ նպատակով օգտագործելու է բոլոր լծակները, իսկ եկեղեցու հավատացյալները պետք է հնարավորություն ունենան ինքնուրույն որոշելու կաթողիկոսի հեռացման հարցը։

ՀԱԿ փոխնախագահը պնդել է, որ Փաշինյանի հայտարարություններն ու գործողությունները կարող են ունենալ քրեական պատասխանատվության հիմքեր։ Նա նաև հայտարարել է, որ եկեղեցու դեմ քաղաքականությունը, իր գնահատմամբ, իշխանության կողմից քաղաքացիական ազատությունները սահմանափակելու ավելի լայն գործընթացի մասն է։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version