Արտաքին աշխարհ

Հորդառատ անձրևները ջրհեղեղներ են առաջացրել Կրետեում

Հունաստանի Կրետե կղզում հորդառատ անձրևները ջրհեղեղների և ավերածությունների պատճառ են դարձել։ Փրկարարները տասնյակ մարդկանց տարհանել են ողողված տներից ու ավտոմեքենաներից, իսկ Սամարիայի կիրճում ութ մարդ շարունակում է մեկուսացված մնալ, հայտնում է Kathimerini-ն։

Ամենածանր իրավիճակը ստեղծվել է Հերակլիոնի, Խանիայի և Ռեթիմնոյի շրջաններում։ Գետերն ու առուները դուրս են եկել ափերից, իսկ ջրահոսքերը ճանապարհներ են բերել մեծ քանակությամբ աղբ և բեկորներ։

Սամարիայի կիրճում մնացածների թվում են Հունաստանի բնական միջավայրի և կլիմայի փոփոխության գործակալության վեց աշխատակից և երկու անտառային տեսուչ։ Նրանք կիրճ են մտել սեպտեմբերի 29-ին՝ ծառայողական առաջադրանքներով, սակայն եղանակի վատթարացման պատճառով չեն կարողացել դուրս գալ։ Խումբը գտնվում է կիրճի մուտքից մոտ յոթ կիլոմետր հեռավորության վրա, իսկ կիրճի ընդհանուր երկարությունը 13 կիլոմետր է։

Իշխանությունները նրանց հրահանգել են մնալ անվտանգ վայրում, քանի որ ներկայիս պայմաններում տարհանումը վտանգավոր է։ Աշխատակիցներից մեկը ERT հեռուստաալիքին հայտնել է, որ խումբը բավարար սնունդ և այլ պաշարներ ունի առնվազն մինչև չորեքշաբթի։ Նրա խոսքով՝ կիրճից անվտանգ դուրս գալ հնարավոր կլինի միայն ջրի մակարդակի նվազումից և անձրևների դադարից հետո։

Շաբաթ օրը Ռեթիմնոյի Միլոպոտամոս շրջանի բնակիչներին 112 համակարգով նախազգուշացում է ուղարկվել։ Նրանց կոչ է արվել սահմանափակել տեղաշարժը և տեղափոխվել ավելի բարձրադիր վայրեր։ Զոնիանա գյուղում գետը դուրս է եկել ափերից, ինչի հետևանքով սկսել են տարհանել ջրին մոտ գտնվող տների բնակիչներին։ Տարհանման հրահանգ է տրվել նաև Դաֆնեդես բնակավայրի համար։

Լուրջ վնասներ են արձանագրվել Լիվադիա շրջանի ճանապարհներին և գյուղատնտեսական ենթակառուցվածքներին։ Շարունակվող անձրևների պատճառով բնակավայր մուտքը կրկին դժվարացել է։

Կրետեի հարավ-արևելքում հրշեջները Իերապետրայի մերձակայքում գտնվող Ֆերմա և Մակրիս Յալոս շրջաններում ավտոմեքենաներից և տներից փրկել են 23 մարդու։ Փրկարարները տասնյակ ահազանգեր են ստացել ողողված տներից և ձեռնարկություններից ջուրը հեռացնելու վերաբերյալ։

Խիստ վնասվել է Իերապետրայից Սիտիա տանող ճանապարհը։ Ֆերմայից արևելք դրա երեք հատվածներ կտրվել են, իսկ հատվածներից մեկում ջուրը արևելյան ուղղությամբ երթևեկելի գոտին քշել է դեպի ծով։ Ջրի հոսքը ճանապարհից դուրս է բերել նաև երեք զբոսաշրջիկ տեղափոխող տաքսի։ Մեքենան խրվել է ճանապարհի եզրին, ինչի շնորհիվ վարորդն ու ուղևորները կարողացել են դուրս գալ։

Աթենքի ազգային աստղադիտարանի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ Խանիայի շրջանում գտնվող Կսիլոսկալո հատվածում տեղումների քանակը կազմել է 318 միլիմետր։ Ուժեղ անձրևներն ու ամպրոպները Կրետեում սպասվում էին մինչև շաբաթ օրվա երկրորդ կեսը, որից հետո մինչև կիրակի առավոտ եղանակային պայմանները պետք է պարբերաբար բարելավվեին։ Իշխանությունները պահպանել են բարձր պատրաստվածության մակարդակը և ուժեղացրել արտակարգ փրկարարական ծառայությունները։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version