Հասարակություն
Գյումրիի Մուշ թաղամասի բնակիչները ահազանգում են թափառող շների հարձակումների մասին

Գյումրիում թափառող շների խնդիրը շարունակում է անհանգստացնել բնակիչներին։ Հատկապես Մուշ թաղամասի բնակիչները սոցիալական ցանցերում պարբերաբար գրում են շների հարձակումների և կծելու դեպքերի մասին։
168.am-ի հետ զրույցում թաղամասի բնակիչ Սերգեյը հայտնել է, որ օրերս իրեն նույնպես շուն է կծել, ինչից հետո նա կատաղության դեմ պատվաստվել է։ Նրա խոսքով՝ խնդրի վերաբերյալ բնակիչները դիմել են պատասխանատուներին, սակայն, չնայած տարածքը նկարահանելուն, իրավիճակը չի փոխվել։
Մեկ այլ բնակչուհի, որը ցանկացել է անանուն մնալ, նշել է, որ թաղամասում թափառող շների թիվը մեծ է։ Նրա խոսքով՝ խնդրով պետք է զբաղվի ոչ միայն Գյումրիի քաղաքապետարանը, այլև կառավարությունը, քանի որ, ըստ նրա, շներին նաև մոտակա շրջաններից բերում և բաց են թողնում քաղաքում։
Բնակչուհին նաև նշել է, որ թափառող շների ստերջացման աշխատանքները չեն լուծել խնդիրը։ Նա հայտնել է, որ նույն օրը շունը կրկին հարձակվել է մի աղջկա վրա։
Բնակիչների դժգոհությունները վերաբերում են ոչ միայն Մուշ թաղամասին։ Քաղաքացիները պարբերաբար ահազանգում են, որ խնդիրը սրվում է մանկապարտեզների և աղբամանների հարակից տարածքներում։
Նախորդ տարի Երևանը փորձել էր աջակցել Գյումրիին։ «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը համայնքում իրականացրել էր շների ստերջացման համալիր ծրագիր։
Միաժամանակ, Գյումրիում «Մասնակցային բյուջետավորմամբ» հաղթած՝ թափառող շների կացարանի ծրագիրը երկրորդ տարին է՝ չի իրականացվում։ Նախորդ տարի ծրագրի համար նախատեսված մրցույթը հայտարարվել էր 6 անգամ, սակայն որևէ ընկերություն չէր մասնակցել։
Աղբյուր՝ 168.am