Քաղաքականություն

Փաշինյանը կարևորել է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ մաղթելով խաղաղություն, բարեկեցություն, հաջողություն և նոր ձեռքբերումներ։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի մշակութային և ազգային բազմազանությունը երկրի կարևոր արժեքներից է, իսկ տարբեր ազգությունների ներկայացուցիչները Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ դարձել են մեկ ժողովուրդ։ Նա նշել է, որ պետությունը հանձնառու է պաշտպանելու յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ ազգային ինքնությունը, մայրենի լեզուն, մշակույթը, ավանդույթներն ու կրոնական առանձնահատկությունները պահպանելու և զարգացնելու իրավունքը։

Վարչապետը ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունները դարեր շարունակ ներդրում են ունեցել Հայաստանի պատմության, մշակույթի և հասարակական կյանքի ձևավորման գործում և այսօր ևս ակտիվորեն մասնակցում են երկրի հասարակական, տնտեսական, կրթական, մշակութային ու համայնքային կյանքին։ Նրա խոսքով՝ բազմազանության նկատմամբ հարգանքը, հավասար հնարավորությունները, փոխադարձ վստահությունն ու հանդուրժողականությունը ժողովրդավարական հասարակության կարևոր հիմքերն են։ Փաշինյանը նշել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և նրանց լիարժեք մասնակցության ապահովման ուղղությամբ աշխատանքը շարունակելու է մնալ պետության առաջնահերթություններից։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version