Քաղաքականություն
Թրամփը չի բացառել Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների վերսկսումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ժամանակում որոշում կընդունի Իրանի նկատմամբ հետագա քայլերի վերաբերյալ՝ չբացառելով ամերիկյան ռազմական գործողությունների վերսկսումը, հայտնում է Reuters-ը։
Սպիտակ տնից հեռանալիս լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ Իրանը «ոչնչացվելու է», և որ հարցը միայն այն է, թե դա տեղի կունենա «հեշտ, թե դժվար ճանապարհով»։ Միաժամանակ նա պնդել է, որ Իրանը «գործնականում հրաժարվում է» միջուկային զենք ստեղծելու ծրագրերից։
Հայտարարությունը հնչել է Axios-ի հրապարակումից մեկ օր անց։ Պարբերականի տվյալներով՝ Քեմփ-Դեյվիդում տեղի է ունեցել Թրամփի ազգային անվտանգության հարցերով առաջատար խորհրդականների գաղտնի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հետագա քայլերի տարբերակները, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի և Եմենում հութիների միջև հակամարտության շուրջ իրավիճակը։
Reuters-ին աղբյուրները հայտնել են, որ ամերիկյան խոշոր հարվածների վերսկսման դեպքում Իրանը պատրաստում է ավելի լայնածավալ և կոշտ պատասխան։ Նրանց խոսքով՝ Թեհրանը միաժամանակ շարունակում է դիվանագիտական ջանքերը, սակայն Իրանի ղեկավարության ներսում դրանց հաջողության հավանականությունը ցածր են գնահատում։
Գործակալության տվյալներով՝ իրանցի ռազմական հրամանատարները քննարկում են հնարավոր թիրախների շրջանակի ընդլայնումը։ ԱՄՆ-ի հետ կապված օբյեկտներից բացի, թիրախների թվում կարող են հայտնվել նաև ամերիկյան ռազմական գործողություններին աջակցող երկրները, ինչպես նաև Մերձավոր Արևելքից դուրս գտնվող օբյեկտներ։
Այս ծրագրերը քննարկվում են յոթ ամիս տևած հակամարտությունից հետո, որը սկսվել էր փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներով։ Ապրիլի 8-ին կնքված հրադադարը դադարեցրել էր լայնածավալ մարտական գործողությունները, սակայն առանձին բախումները շարունակվել էին։
Աղբյուր՝ 168.am