Քաղաքականություն

1988-ին ԱՄՆ ԿՀՎ-ն Արցախյան շարժումը դիտարկում էր որպես ԽՍՀՄ-ի լայն ճգնաժամի հնարավոր աղբյուր

1988 թվականի ապրիլի 20-ին ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության տնօրենին ներկայացված զեկույցում վերլուծվել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ստեղծված իրավիճակը։ Փաստաթուղթը ներառված է «1988 թվականի մարտ ամսվա նախազգուշական զեկույցներ» նյութում, որի հեղինակն է նախազգուշացումների գծով ազգային հետախուզության պատասխանատու Չարլզ Է. Ալենը։

Զեկույցում նշվում է, որ 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ պատգամավորների խորհուրդը որոշել էր դիմել ԽՍՀՄ Գերագույն խորհրդին՝ Հայկական ԽՍՀ-ին միանալու համար։ Դրան հաջորդել էին Երևանում, Ստեփանակերտում, ինչպես նաև Հայաստանի և Արցախի այլ բնակավայրերում տեղի ունեցած զանգվածային հանրահավաքներն ու ցույցերը։ Փաստաթղթում անդրադարձ է կատարվում նաև 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում հայերի դեմ իրականացված զանգվածային բռնություններին և սպանություններին։

ԱՄՆ հետախուզական համայնքը կանխատեսում էր, որ Մոսկվան չի բավարարի Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես Հայաստանին միացնելու պահանջը։ Փոխարենը ԽՍՀՄ ղեկավարությունը, ըստ զեկույցի, կարող էր զիջումների գնալ մշակութային և կրթական ոլորտներում՝ ճգնաժամը մեղմելու նպատակով։ Միաժամանակ փաստաթղթի հեղինակները զգուշացնում էին, որ հայերը կարող էին չհամակերպվել այդ պահանջի մերժման հետ։

Զեկույցում չէր բացառվում նոր խոշոր ցույցերի և հայերի ու ադրբեջանցիների միջև բռնությունների վերսկսման հավանականությունը։ Ըստ կանխատեսման՝ նման զարգացումները կարող էին արձագանք գտնել նաև ԽՍՀՄ մյուս ազգային փոքրամասնությունների շրջանում, դանդաղեցնել իշխանությունների բարեփոխումները և ստիպել Մոսկվային ավելի հստակ սահմանել հրապարակայնության ու ժողովրդավարացման սահմանները։

Փաստաթղթում նաև գնահատվում էր Միխայիլ Գորբաչովի քաղաքական ապագայի վրա հնարավոր ազդեցությունը։ Եթե ճգնաժամի կարգավորման քայլերը հաջողեին, նրա քաղաքական վնասը սահմանափակ կլիներ, սակայն անհաջողության դեպքում վտանգի տակ կարող էին հայտնվել ինչպես նրա բարեփոխումների ծրագիրը, այնպես էլ քաղաքական դիրքերը։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version