Քաղաքականություն
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ-ին առաջարկել է մարդասիրական այց կազմակերպել Բաքու
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը հայտարարել է, որ պատրաստ է անձամբ մեկնել Բաքու՝ այնտեղ պահվող հայ ռազմագերիներին և այլ կալանավորված անձանց այցելելու նպատակով։
Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ-ին ուղղված հրատապ մարդասիրական դիմում-նամակում առաջարկել է կազմակերպել պատգամավորներից կազմված պատվիրակության այցը Ադրբեջան։ Նրա խոսքով՝ առաքելությունը պետք է ուղղված լինի կալանավորված անձանց հումանիտար և մարդու իրավունքների վիճակի գնահատմանը։
Նա նշել է, որ արդեն երրորդ տարին է՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների և այլ հայազգի կալանավորված անձանց դատավարություններն անցկացվում են փակ դռների հետևում, իսկ նրանց ընտանիքները զրկված են հարազատներին այցելելու հնարավորությունից։ Գալստյանի պնդմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացված հատվածական տեղեկությունները և ընտանիքների հետ սահմանափակ հեռախոսազրույցները մտահոգություններ են առաջացնում նրանց ֆիզիկական ու հոգեբանական վիճակի վերաբերյալ։
Գալստյանը նաև նշել է, որ այս ամբողջ ժամանակահատվածում միջազգային մարդասիրական այց չի թույլատրվել, իսկ մոտ մեկ տարի է՝ կալանավորված անձանց չի այցելում նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն։ Նրա խոսքով՝ հայ ռազմագերիներին և կալանավորված անձանց այցելելու հնարավորություն չի ունեցել նաև որևէ միջազգային դիտորդական մարմին կամ երրորդ չեզոք կողմ։
Դիմումում նա անդրադարձել է ԵԱՀԿ ԽՎ-ի 2025 թվականի Պորտոյի հռչակագրի 208-րդ և 209-րդ կետերին, որոնք վերաբերում են ազատությունից զրկված անձանց դեպքերի դիտարկմանը, նրանց պաշտոնական այցելություններին և իրավունքների պաշտպանությանը։ 209-րդ կետով, ըստ Գալստյանի, կոչ է արվում պաշտպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից տուժած բոլոր անձանց իրավունքները և ապահովել ռազմագերիների ու այլ կալանավորվածների նկատմամբ արդար ու մարդասիրական վերաբերմունք։
Լիլիթ Գալստյանը շեշտել է, որ առաջարկվող այցը քաղաքական նախաձեռնություն չէ, այլ մարդասիրական քայլ, որը կարող է նպաստել վստահության ձևավորմանն ու խաղաղության գործընթացին։ Նա ԵԱՀԿ ԽՎ-ից ակնկալել է աջակցել այցի կազմակերպմանը, ինչպես նաև ապահովել պատվիրակության անդամների անվտանգ մուտքի, անվտանգության և վերադարձի անհրաժեշտ երաշխիքները։
Աղբյուր՝ 168.am