Տնտեսություն

Կառավարությունը 50 մլն դրամ կհատկացնի հայ-բրիտանական գործարար համաժողովի անցկացմանը

Կառավարությունը որոշել է 50 մլն դրամ դրամաշնորհ տրամադրել «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» հասարակական կազմակերպությանը՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-6-ը Երևանում կայանալիք Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործարար համաժողովի կազմակերպման ծախսերը համաֆինանսավորելու համար։

Գումարից 25 մլն դրամը կհատկացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը նախատեսված բյուջետային միջոցներից։ Մյուս 25 մլն դրամը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության բյուջետային միջոցներից կփոխանցվի էկոնոմիկայի նախարարությանը։

Համաժողովի կազմակերպման գործընթացում առանցքային դերակատարություն կունենան էկոնոմիկայի նախարարությունն ու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանձնարարությամբ նախարարությունները պետք է քննարկեին համաժողովի ֆինանսավորման հնարավորությունը՝ առկա ծրագրերի շրջանակում։

Փաստաթղթում նշվում է, որ միջոցառման պատշաճ կազմակերպմանը, իրենց իրավասությունների շրջանակում, կմասնակցեն նաև ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը, ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը։

Միջոցառման կազմակերպիչը Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբն է։ Ակումբի հետ աշխատանքային կապի համար նշված են խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը և խորհրդի անդամ, ՀՀ-ՄԹ գործարար համաժողովի կազմակերպչական կոմիտեի ղեկավար Հայկ Կարապետյանը։

Հիմնավորման համաձայն՝ համաժողովի նպատակն է գործընկերային կապերի հաստատումն ու ներդրումների ներգրավումը։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version