Քաղաքականություն
Հարցված գերմանացիների 48%-ը Մերկելին ավելի արդյունավետ է համարում, քան Մերցին

Գերմանիայի բնակիչների 48%-ը կարծում է, որ նախկին կանցլեր Անգելա Մերկելն ավելի լավ կկարողանար հաղթահարել երկրի առջև ծառացած ներկայիս խնդիրները, քան գործող կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Այս մասին վկայում են DPA լրատվական գործակալության պատվերով YouGov-ի անցկացրած հարցման արդյունքները։
Հարցվածների 29%-ի կարծիքով՝ Մերկելը և Մերցը խնդիրները մոտավորապես հավասար արդյունավետությամբ կլուծեին։ Միայն 8%-ն է առավելություն տվել Մերցին, իսկ 15%-ը չի պատասխանել կամ դժվարացել է ընտրություն կատարել։
Մերկելը և Մերցը Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամներ են, սակայն նրանց քաղաքական մրցակցությունը սկսվել է դեռևս մի քանի տասնամյակ առաջ։ Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 2005-2021 թվականներին, իսկ Մերցը կառավարությունը գլխավորել է 2025 թվականի մայիսից։
Վերջին շրջանում Մերցի աջակցությունը Գերմանիայում նվազում է։ Հոկտեմբերի սկզբին հրապարակված ARD-Deutschlandtrend հարցման համաձայն՝ նրա աշխատանքից գոհ է հարցվածների 10%-ը, մինչդեռ 88%-ը դժգոհություն է հայտնել։
Գերմանիայի հիմնական խնդիրների թվում հարցվածները նշել են տնտեսության լճացումը, էներգակիրների գների աճը, բնակչության ծերացումը և սոցիալական համակարգերի վրա դրա թողած ճնշումը։ Մարտահրավերների շարքում նշվել են նաև ապօրինի միգրացիան և արտաքին քաղաքական հարցերը, այդ թվում՝ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ։
Հարցման արդյունքները չեն նշանակում, որ գերմանացիների մեծամասնությունը ցանկանում է Մերկելի վերադարձը կանցլերի պաշտոնին։ Մասնակիցներին հարցրել են, թե իրենց կարծիքով ով ավելի արդյունավետ կկարողանար հաղթահարել Գերմանիայի ներկայիս մարտահրավերները։
Աղբյուր՝ 168.am