Տնտեսություն
Տնտեսագետը քննադատել է թաղման նպաստի կրճատման հաշվին կենսաթոշակների բարձրացման ծրագիրը

Հոկտեմբերի 1-ին կառավարության ներկայացուցիչների հետ ճեպազրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ 2027 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կավելանա 1000 դրամով՝ սոցիալական փաթեթի դադարեցման և թաղման նպաստների կրճատման հաշվին։
Նախարարի փոխանցմամբ՝ թաղման նպաստի տարեկան՝ շուրջ 4,4 միլիարդ դրամի ֆոնդն ամբողջությամբ կուղղվի կենսաթոշակների բարձրացմանը։ Այդուհետ նպաստը համընդհանուր չի տրամադրվի և կստանան միայն անապահովության համակարգում ընդգրկված քաղաքացիների ընտանիքները։
Ծրագրի շրջանակում պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել ևս մոտ 5,5 միլիարդ դրամ։ Նվազագույն կենսաթոշակը 46 հազարից կդառնա 47 հազար դրամ, իսկ աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա հաշվարկում նախատեսվում է 500 դրամի ավելացում։ Կբարձրանան նաև զինվորական կենսաթոշակներն ու տարբեր նպաստները։
Կառավարությունը որոշել է դադարեցնել նաև 2012-2013 թվականներից գործող սոցիալական փաթեթի ծրագիրը։ Թորոսյանի խոսքով՝ շահառուների բանկային հաշիվներում կուտակված շուրջ 13 միլիարդ դրամը կպահպանվի, իսկ այդ գումարների օգտագործման ուղղությունները կսահմանվեն կառավարության առանձին որոշմամբ։
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը 168.am-ի հետ զրույցում քննադատել է որոշումը՝ նշելով, որ ներկայացվող թվերը չեն համապատասխանում իրական խնայողություններին։ Նրա հաշվարկով՝ նախորդ տարի մահացել է շուրջ 24 հազար քաղաքացի, իսկ թաղման նպաստի ընդհանուր գումարը կազմել է մոտ 4,2 միլիարդ դրամ։ Միաժամանակ, 1000 դրամով կենսաթոշակների բարձրացումը 73 հազար նվազագույն կենսաթոշակ ստացողների համար տարեկան կարժենա մոտ 876 միլիոն դրամ։
Կամենդատյանի գնահատմամբ՝ այդ տարբերության արդյունքում քաղաքացիներից մոտ 3 միլիարդ դրամ է հետ գանձվում։ Նա նաև նշել է, որ սոցիալական փաթեթի դադարեցմամբ պետական համակարգում աշխատող 162 հազար քաղաքացիների մասով կխնայվի մոտ 9,5 միլիարդ դրամ։ Տնտեսագետը այս քայլը ոչ թե բարեփոխում, այլ քաղաքացիներին մոլորեցնելու քաղաքականություն է անվանել։
Նա անդրադարձել է նաև նախընտրական շրջանում կենսաթոշակների 10 հազար դրամով բարձրացմանը՝ պնդելով, որ այդ բարձրացումը իշխանությունների նախաձեռնությամբ չի իրականացվել։ Կամենդատյանը քննադատել է նաև պաշտոնյաների աշխատավարձերի չափը՝ նշելով, որ Արսեն Թորոսյանի աշխատավարձը, իր տեղեկություններով, կկազմի 1,8 միլիոն դրամ՝ առանց պարգևավճարի, իսկ պարգևավճարներով՝ մոտ 2,5-3 միլիոն դրամ։
Աղբյուր՝ 168.am