Արտաքին աշխարհ
Եմենի կառավարությունը հայտարարել է հութիների դեմ ռազմական գործողությունների մեկնարկի մասին

Եմենի միջազգային ճանաչում ունեցող կառավարության ղեկավար Ռաշադ ալ-Ալիմին հայտարարել է հութիների դեմ լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկի մասին, հայտնում է Reuters-ը։ Նրա խոսքով՝ նպատակը հութիների վերահսկողության տակ գտնվող տարածքների վերադարձն ու ամբողջ երկրում պետական իշխանության վերականգնումն է։
Ալ-Ալիմին այդ մասին հայտնել է հեռուստաուղերձում՝ նշելով, որ գործողությունները պետք է ուղղված լինեն հանրապետության մնացած տարածքի վերադարձին և պետական ինստիտուտների իշխանության տարածմանը երկրի ամբողջ տարածքում։
Reuters-ի տարածաշրջանային և արևմտյան աղբյուրներն ավելի վաղ հայտնել էին հարձակման նախապատրաստության մասին։ Նրանց տվյալներով՝ ցամաքային գործողությունները պետք է իրականացնեն Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող եմենական ուժերը, իսկ սաուդյան ավիացիան պետք է հարվածներ հասցնի հութիների դիրքերին։ ԱՄՆ-ն արդեն հետախուզական աջակցություն է տրամադրում Էր-Ռիադին։
Գործողությունների մեկնարկին նախորդել է հութիների առաջխաղացումը Եմենի ափամերձ գոտու երկայնքով և ռազմավարական Բաբ էլ-Մանդեբ նեղուցի գրավումը։ Նեղուցը Կարմիր ծովի հարավային ելքն է և Եվրոպան Ասիային կապող կարևոր ծովային երթուղիներից մեկը։
Վերջին 48 ժամում հութիները, ըստ ռազմական աղբյուրների, հաջողություններ են գրանցել նաև Թաիզի շրջանում՝ զբաղեցնելով ռազմավարական բարձունքներ և մոտենալով Թաիզը Ադենին կապող վերջին ճանապարհին։ Երթուղու կտրումը կարող է հանգեցնել երկրի մեծությամբ երրորդ քաղաքի պաշարմանը։ Թաիզում և հարակից տարածքներում տեղակայված են հազարավոր կառավարական զինծառայողներ, իսկ Ռաշադ ալ-Ալիմին այս տարածաշրջանից է։
Լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը տասնյակ հազարավոր մարդկանց տեղահանության և պարենային մատակարարումների խափանման պատճառ է դարձել։ Պարենի համաշխարհային ծրագրի տվյալներով՝ Եմենի որոշ շրջաններում հակամարտության նոր սրման հետևանքով ընտանիքների երեք քառորդը սովի է մատնված։
Սաուդյան Արաբիան 2015 թվականին արաբական կոալիցիայի գլխավորությամբ միջամտել էր Եմենի քաղաքացիական պատերազմին՝ աջակցելով միջազգային ճանաչում ունեցող կառավարությանը։ 2022 թվականին ձեռք բերված հրադադարը հիմնականում պահպանվել էր մինչև այս տարի, երբ հակամարտությունը կրկին սրվել է Իրանի հետ պատերազմի ֆոնին։
Աղբյուր՝ 168.am